Նորարար զբոսաշրջության համար հիմքերի ստեղծում Հայաստանի մարզերում

Հայաստան
Նորարար զբոսաշրջության համար հիմքերի ստեղծում Հայաստանի մարզերում

Ապրիլի 7-ին Հայաստանի Լոռու մարզում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, մեկնարկեց զբոսաշրջության համար նորարարական գաղափարների մշակմանն ուղղված հաքաթոն, որին աջակցում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանում ՓՄՁ զարգացմանն ուղղված SMEDA ծրագիրը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ:

Մոտ 50 երիտասարդ և խանդավառ թիմեր հավաքվեցին ՎՏԿ-ում՝ մրցակցելու այնպիսի նորարար գաղափարների շուրջ, որոնք կարող են դառնալ մոդելներ և ինտեգրվել մարզային տուրիզմի զարգացմանը: 

Բացման արարողությանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով շեշտեց Հայաստանի տնտեսության խթանման նպատակով երիտասարդների էներգիան ու ստեղծագործական միտքը կենտրոնացնելու կարևորությունը: 

Նա շնորհակալություն հայտնեց և քաջալերեց մրցակից թիմերին. «Պետք չէ վախենալ պարտվելուց, քանի որ կյանքը բաղկացած է և՛ ձախողումներից, և՛ հաջողություններից»: Դեսպանը ավելացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու զբոսաշրջությանը Հայաստանում՝ հաշվի առնելով ոլորտի աճի մեծ ներուժը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ միջոցառումը մեծ կարևորություն ունի Լոռու համար, և որ իրենք նախատեսում են այն այսուհետ անցկացնել ամեն տարի: Նա ասաց, որ մարզի վարչակազմը կաջակցի հաքաթոնի արդյունքում ձևավորված հաղթող գաղափարներին և դրանք կներկայացնի կառավարությանը՝ իրագործման նպատակով:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ ՏՏ-ի և նորարարության ներմուծումը զբոսաշրջության ոլորտում երկար ժամանակ է քննարկվել, և հաքաթոնը դրա մեկնարկն է: «Երկիրը թվայնացման և խելացի գաջեթների աշխարհում պետք է արձագանքող լինի և ռեսուրսներ ուղղի զբոսաշրջիկների համար համապատասխան հավելվածների մշակմանը առաջատար, համատեղելի և օգտագործման համար հարմար եղանակներով: Այդպիսով, շատ շնորհակալ կլինենք հաքաթոնի արդյունքում ակնկալվող նորարար գաղափարների համար»,- ասաց նա:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերն ասաց, որ SMEDA-ն ուրախությամբ մասնակցում է հաքաթոնին և աջակցում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին (ՎՏԿ) և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին (ՁԻՀ)՝ այն իրագործելու հարցում: Նա հավատում է, որ ստեղծարար և ներշնչող գաղափարները կարող են հիմք ստեղծել մարզում զբոսաշրջության զարգացման համար: «Մենք ակնկալում ենք ամբողջությամբ նոր գաղափարներ, որոնք կարող են ապահովել Լոռիում զբոսաշրջության ոլորտի վերելքը, թիմերը պետք է ազատ լինեն իրենց գաղափարներում և չպիտի հիասթափվեն անհաջողությունից, այլ պետք է ուժեղանան, բարելավեն իրենց գաղափարներն ու ավելի առաջ տանեն դրանք»,- մասնակիցներին խորհուրդ տվեց նա:

Ժյուրին կընտրի ներկայացված լավագույն գաղափարները, և դրանց համար մրցանակներ կշնորհվեն SMEDA ծրագրի, ՁԻՀ-ի և Լոռու մարզպետարանի կողմից:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները