ԵՄ-Հայաստան առևտրական հարաբերությունների համար քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ

Հայաստան
ԵՄ-Հայաստան առևտրական հարաբերությունների համար քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ

Հայաստանն ու ԵՄ-ն այսօր քննարկել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող նոր հնարավորությունները հայաստանյան և եվրոպական բիզնեսի համար:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ ուժերով, որտեղ հավաքվել էին ԵՄ-ի և Հայաստանի պաշտոնատար անձինք և գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Քննարկվել են գործարար համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի թեմաներ, այդ թվում՝ ծառայությունների ոլորտում երկկողմ առևտրի ազատականացման թեման, ինչը համաձայնագրի հիմնական ձեռքբերումն է: Այն ԵՄ-ի և հայաստանյան տնտեսվարողներին, ներդրողներին և ծառայություններ մատուցողներին կտա ավելի մեծ վստահություն և առևտրային միջավայրը բարելավելու հնարավորություն: Այն նաև բարենպաստ պայմաններ կստեղծի միջսահմանային ներդրումներն ավելացնելու համար:

Քննարկվեց նաև պետական գնումների ոլորտում փոխադարձ լրացուցիչ շուկայի հասանելիությունը: Մեկ միասնական համացանցային պորտալի միջոցով մրցույթների հրապարակման և վերանայման ընթացակարգերի թարմացման առնչությամբ կկիրառվեն Պետական գնումների համաձայնագիրը (ՊԳՀ) և կանոնները:

Մասնակիցները նաև քննարկեցին, թե ինչպես կարող են հայաստանյան տնտեսվարողները և սպառողներն օգտվել աշխարհագրական նշումների պաշտպանության հավակնոտ համակարգից, և ինչպես կարող են նորարարական, գեղարվեստական, յուրահատուկ և բարձրորակ արտադրանք ստեղծող ու վաճառող հայաստանյան ընկերությունները, արվեստագետները և գյուտարարները ապավինել իրենց երկրում գործող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համակարգին, ինչպես ԵՄ-ում:

Միջոցառմանը բացման ելույթներով հանդես եկան ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Միջոցառումը տեղի ունեցավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին հանդիպումից մեկ օր հետո , որը կայացավ սեպտեմբերի 25-ին՝ Երևանում, և որտեղ քննարկվեցին ՀԸԳՀ-ի առևտրի և առևտրին առնչվող հարցեր, ներառյալ ապրանքների և ծառայությունների վաճառքի, մաքսային, մտավոր սեփականության իրավունքների, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, մրցակցության և պետական գնումների թեմաները:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, և պայմանական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 1-ից:

Մամլո հաղորդագրություն նոր գործարար հնարավորությունների մասին

ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի մամլո հաղորդագրությունը

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները