Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) հայտարարել է իր կապիտալի ընդլայնման մասին՝ տեղական արժույթներով վարկավորումը խթանելու համար: Եվրոպական միության EU4Business նախաձեռնության 44 միլիոն եվրո և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) 12 միլիոն եվրո աջակցությամբ՝ նոր «L-բաժնետոմսերը» կօգտագործվեն տեղական արժույթով ֆինանսավորման համար՝ մասնավորապես Եվրոպական արևելյան հարևանության տարածաշրջանում:
Այս քայլը լրացնում է ՀԵԵՀ-ի C-բաժնետոմսերի դասի 5 միլիոն եվրոյի միաժամանակյա ներդրումը ԵՄ-ի կողմից: 61 մլն եվրոյի համաֆինանսավորումը հիմնադրամին կօգնի նվազեցնել փոխարժեքի ռիսկը՝ վերջին հաշվով պաշտպանելով ՀԵԵՀ-ի միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ-ներ) և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների նպատակային խմբերին փոխարժեքի տատանումներից և նպաստելով տարածաշրջանում կայուն տնտեսական աճի ապահովմանը:
Դոնորների աջակցությամբ L-բաժնետոմսերի դասը յուրահատուկ կապիտալի շերտ է ներկայացնում ՀԵԵՀ-ի կառուցվածքում: L-բաժնետոմսերից առաջ ՀԵԵՀ-ն աջակցել է տեղական արժույթով վարկավորմանը առանձին դեպքերում, որոնք պայմանավորված էին արտաքին հեջերի կամ հատուկ նախատեսված ֆոնդային արժեքների տրանշների առկայությամբ: Նոր տրանշը այժմ կլրացնի այս գործողությունները ՀԵԵՀ-ի սեփական շուկայական գործիքով՝ ներդրումների սուբյեկտներին վարկեր տրամադրելով իրենց սեփական արժույթով:
ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Եվրոպական միությունը և BMZ-ը հենց սկզբից ՀԵԵՀ-ի կարևոր գործընկերներն են եղել: Նրանց ներդրումների շնորհիվ մենք այժմ ունենք կայուն մեխանիզմ, որը կպաշտպանի ինչպես ներդրումների սուբյեկտներին, այնպես էլ ներդրողներին արժութային տատանումների բարձրացումից և անկումից, միևնույն ժամանակ խթանելով հիմնադրամի առաքելությունը՝ նպաստելու Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում բիզնեսի զարգացմանն ու զբաղվածությանը՝ կայուն աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանի տնտեսության հիմնաքար հանդիսացող ձեռներեցներին»:
«EU4Business նախաձեռնությունը միտված է մեր արևելյան հարևանների տնտեսության ամրապնդմանը՝ տարածաշրջանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին նպատակային աջակցություն ցուցաբերելու միջոցով», - ասել է Եվրոպական միության՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան: «Տեղական ֆինանսական սեկտորի հնարավորությունները ընդլայնելը՝ իրենց իսկ սեփական արժույթով ֆինանսավորման միջոցով այդ ձեռնարկություններին աջակցելու համար, նշանակում է նպաստել կայուն աճին ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով: ՀԵԵՀ-ում մենք ունենք փորձագիտական գործընկեր, որը մասնավորապես ընտրվել է մեզ օգնելու այդ արդյունքները ստեղծելու և հետևելու ԵՄ-ի Արևելյան գործընկերության քաղաքականության երկու կարևոր տարրերին՝ տնտեսական զարգացմանը և ինստիտուտների ամրապնդմանը»:
BMZ-ի՝ Մերձավոր Արևելքի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների գլխավոր տնօրեն Կլաուդիա Ուորնինգը նշել է. «ՀԵԵՀ-ը և BMZ-ը երկար տարիներ աշխատել են ձեռք-ձեռքի՝ նպաստելու Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և զբաղվածությանը, այդ թվում նաև՝ տեղական արժույթով ֆինանսավորման միջոցով: Օրինակ՝ 2016 թ․-ին BMZ-ի հատուկ նախատեսված ֆինանսավորումը նպաստել է Ուկրաինայում տեղական արժույթով վարկերի տրամադրմանը, և մինչև այժմ ավելի քան 2600 ձեռնարկատերերի տրամադրվել է 136,5 մլն եվրո արժողությամբ վարկ տեղական արժույթով: Այժմ նոր L-բաժնետոմսերի դասի ստեղծումը մեզ համար ներկայացնում է ևս մեկ նորարարական հնարավորություն, որն օգնում է տարածաշրջանային մակարդակով կայուն բիզնեսի զարգացմանը՝ նպաստելով փոխարժեքի ռիսկի կայունացմանը, որն ապահովում է տեղական ֆինանսական համակարգերի և ձեռնարկությունների պաշտպանությունը»:
ՀԵԵՀ-ի մասին
Լինելով աշխարհի խոշորագույն զարգացման ֆինանսական հիմնադրամներից մեկը՝ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ ունի նպաստել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողությունների, ինչպես նաև առանձին ընտանիքների կենսապայմանների բարելավման մեջ: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը այս հատվածի զարգացման հիմնական բանալին է, ՀԵԵՀ-ը ուշադրություն է դարձնում տեղական ֆինանսական հատվածներին օգնելու վրա, որպեսզի վերջիններս կարողանան պատասխանատու ֆինանսավորում ապահովել այդ նպատակային խմբի համար։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեության հետ մեկտեղ՝ ՀԵԵՀ-ը իր ազդեցությունն ուժեղացնում է ՀԵԵՀ-ի Զարգացման գործիքի միջոցով, որը ձեռնարկատերերին և հաստատություններին տրամադրում է տեխնիկական աջակցություն, ուսուցումներ և այլ ոչ ֆինանսական աջակցություն:
ՀԵԵՀ-ը հիմնվել է KfW զարգացման բանկի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Լինելով իր տեսակի մեջ առաջին հանրային-մասնավոր գործընկերությունը՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ստանում է դոնոր գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից:
EU4Business
EU4Business նախաձեռնությունը ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) ցուցաբերվող ԵՄ-ի ողջ աջակցությունը, որը միավորում է ԵՄ-ին, իր անդամ պետություններին և վեց գործընկեր երկրներին՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: