2009 թվականին նախաձեռնության մեկնարկից ի վեր՝ EU4Business-ի ծրագրերի շնորհիվ ստեղծվել է ավելի քան 10000 նոր աշխատատեղ, ինչպես նշված է նախաձեռնության գործունեության վերաբերյալ Ամփոփ զեկույցի մեջ:
Մայիսի 17-ին Բրյուսելում անցկացված EU4Business-ի 1-ին գլխավոր ժողովում ներկայացված զեկույցի մեջ նշված է, որ նախաձեռնության շրջանակներում գործարար խորհրդատվության տեսքով աջակցություն է ցուցաբերվել ՓՄՁ-ների ևս 93000 աշխատատեղի:
Այլ ձեռքբերումներ
2009-2016 թթ. ժամանակաշրջանի այլ տպավորիչ արդյունքներ.
- շուրջ 100000 ձեռնարկություններ ստացել են 190000 ենթավարկեր՝ 1,5 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ,
- վեց երկրներում ներկայացվել է քաղաքականության ռազմավարություններին և իրավական բարեփոխումներին ուղղված շուրջ 40 առաջարկ,
- բնապահպանական ուղղվածությամբ ծրագրերի շնորհիվ՝ CO2-ի արտանետումները կրճատվել են տարեկան 172444 տոննայով, ինչպես նաև արձանագրվել է տարեկան գրեթե 820000 մեգավատտ/ժամ էներգիայի խնայողություն:
Բարելավման ենթակա ոլորտներ
Սակայն դեռևս առկա են ոլորտներ, որոնք հետագա բարեփոխման աշխատանքների կարիք ունեն.
- կոռուպցիան, ոչ պատշաճ հարկային քաղաքականությունը և մաքսային ընթացակարգերը շարունակում են խոչընդոտել ՓՄՁ-ների աճին.
- անհրաժեշտ են առավել նպաստավոր գործարար միջավայրեր և ֆինանսական ենթակառուցվածքներ տնտեսության իրական հատվածի կայուն ֆինանսավորման համար.
- ՓՄՁ-ներին ֆինանսավորում երաշխավորող մարմիններն ու հաստատությունները հզորացման կարիք ունեն.
- անհրաժեշտ է բարձրացնել ընկերություն հիմնելու առավելությունների և ձեռնարկատիրության մասին իրազեկությունն ու գիտելիքների մակարդակը:
Զեկույցը հիմնված է վեց երկրների ազգային զեկույցներից ստացված տվյալների ու տեղեկությունների վրա:
EU4Business նախաձեռնության ներքո իրականացվող ծրագրերը թիվը շարունակում է աճել՝ 25 ընթացիկ ծրագրեր, վեց նախատեսված և չորս ավարտված ծրագրեր 2017 թվին, որոնց ֆինանսական արժեքը կազմում է 330 միլիոն եվրո: Որպես համեմատություն՝ 2015 թվին դրանց թիվը կազմում էր 17 (198 միլիոն եվրո):