EU4Business-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է իր դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլը, որը կանցկացվի «EU4Business-ի Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր (EU4Business STEP) - Բիզնեսի զարգացման աջակցություն նորարար տեխնոլոգիաների ուղղվածություն ունեցող ստարտափներին» ծրագրի շրջանակներում:Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:
Դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական և գիտահեն գաղափարներ ունեցող ստարտափ ընկերությունների համար, որոնք գործում են ճարտարագիտության (այդ թվում՝ իրերի համացանցի (IoT), արդյունաբերական իրերի համացանցի (IIoT)), մաքուր տեխնոլոգիաների (CleanTech), կենսատեխնոլոգիայի (Biotech) և առաջադեմ ՏՀՏ-ի (օրինակ՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության, Բլոկչեյնի (Blockchain), Մեծ տվյալների (Big Data)) ոլորտներում:
Դրամաշնորհը կապված է մենթորական աջակցության սխեմային:
EU4Business-ի STEP ծրագիրը նպատակ ունի զարկ տալու ձեռներեցությանը և նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա: Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին օգնել իրենց գաղափարներն ու արտադրանքները ներկայացնել շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և խթանել նորարարությունն ու ձեռներեցությունը Հայաստանում:
Մրցույթին կարող են մասնակցել դրամաշնորհային ծրագրի մեկնարկի պահին 3 տարուց ոչ ավելի վաղ գրանցված սկսնակ ընկերությունները: 3 տարուց ավելի վաղ գրանցված ընկերությունները հնարավորություն ունեն թիմ ձևավորելու իրենց նոր արտադրանքի կամ ծառայության գաղափարի շուրջ և նախագիծը մշակելու իրենց նոր գրանցված ընկերությունում:
Դրամաշնորհային ծրագրում ընդգրկված են հետևյալ գործունեությունները՝
- տեխնոլոգիաների մշակում և ցուցադրում
- նախանմուշի մշակում
- փորձնական կիրառում
- փորձարկում շուկայական պայմաններում
- բիզնեսի զարգացում
Դրամաշնորհի գումարը և համաֆինանսավորման պահանջները
- Մեկ նախաձեռնության համար հատկացվող դրամաշնորհի գումարը 6000-ից 15000 եվրո է և տրամադրվելու է 6 ամիս տևողությամբ ծրագրի ընթացքում: Դրամական հատկացման վերջնական գումարը կհամաձայնեցվի ընտրության գործընթացի ընթացքում և գլխավորապես կորոշվի ըստ պլանավորված ծրագրային թիմի կազմում ընդգրկված անհատների փորձի:
- Ընկերությունը պետք է ապահովի 15% համաֆինանսավորում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2018 թ., հոկտեմբերի 1, Երևանի ժամանակով ժամը 23:59:
EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է ԳՄՀԸ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրով։