Հայաստանի տեխնիկական փորձագետների և գիտնականների հանրության ավելի քան 200 ներկայացուցիչներ մայիսի 30-ին հավաքվեցին Երևանում կազմակերպված «Ապագային ընդառաջ» համաժողովի շրջանակներում:
Միջոցառումը կազմակերպել էր SmartGateVC-ը՝ Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (ՀԳՏՀ) հետ համագործակցությամբ և EU4Business-ի ու EU4Innovation-ի աջակցությամբ:
Համաժողովի նպատակն էր կապ հաստատել հայ ձեռներեցների և գիտնականների տարբեր սերունդների միջև՝ քննարկելով համընդհանուր տեխնոլոգիական միտումները և Հայաստանի դերն արդի տեխնոլոգիաների աշխարհում:
Նորագույն տեխնոլոգիաների թիրախավորում
Հիմնական զեկուցողները հղեցին հետևյալ ուղերձները.
- Հայաստանն ունի Եվրոպայի և ԱՄՆ-ի Արհեստական բանականության (ԱԻ) հանրությունից գիտելիքներ ձեռք բերելու եզակի հնարավորություն՝ միաժամանակ գրավելով տաղանդավոր մասնագետների Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից.
- Հայաստանի տեխնիկական լուծումներն արդեն թիրախավորում են 5G շարժական կապի միջոցները՝ աշխատելով ռուսաստանյան և եվրոպական շուկաներում նավթ, գազ և մեքենաներ արտադրողների հետ.
- IoT (իրերի համացանցի) սարքերի թվի ահռելի աճը նշանակում է, որ ապագայում կիբեռանվտանգությունը շատ կարևոր է լինելու.
- Հետազոտությունների ֆինանսավորումը պետք է ուղղված լինի նորագույն, երկարաժամկետ և բաց տեղեկատվական աղբյուրներով ծրագրերի.
- Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային տեխնիկական կրթության հանգույց:
Հայաստանում տեխնիկական մասնագետների հիանալի համայնք
«Հայաստանում առկա է տեխնիկական բնագավառի ձեռնարկատերերի, գիտնականների և կրթության ոլորտի մասնագետների հիանալի համայնք, որում ընդգրկված են տարբեր սերունդներ: Այս ամենը լուրջ հիմք է միավորվելու և Հայաստանը նոր մակարդակի հասցնելու համար»,- մեկնաբանել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը:
SmartGateVC-ը սկզբնադրամային հիմնադրամ է հայկական ստարթափների համար: Այն մասնագիտանում է Արհեստական բանականության, կիբեռանվտանգության և Իրերի համացանցի (ԻՀ), ինչպես նաև նոր զարգացող քվանտային հաշվումների, կենսատեխնոլոգիայի և ֆինանսական տեխնոլոգիաների վրա: