Հայկական ստարտափը մշակում է արհեստական ինտելեկտով աշխատանքի ընդունման գործիք, որը տվյալների և խորը ուսուցման ալգորիթմների կառավարման միջոցով խնայում է կադրերի ընտրության պատասխանատուների ժամանակը և խթանում աշխատանքի ընդունման գործընթացը՝ տրամադրելով թիրախային որակյալ թեկնածուներ։
Այս տարի ընկերությունը ստացավ EU-SMEDA-ի Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ (ՆԶՀԴ), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում, և ընկերության համահիմնադրի կողմից նկարագրվում որպես «խաղի կանոնների փոխոխություն», ինչը ընկերությանը թույլ կտա 2019 թ.-ին թիրախավորել նոր շուկաներ։
Hirebee.ai-ը ԱԻ արտադրանք է, որը մշակվել է staff.am-ի կողմից՝ ստարտափ, որն աշխատում է 15 հոգանոց թիմով և իր սեփական տեխնիկական և մարքեթինգի կարողություններով։
Ըստ ստարտափի համահիմնադիր Վահե Ավետիսյանի՝ HireBee-ն ակտիվորեն վերլուծում է ՄՌ-ի և աշխատանք փնտրողների վարքագիծը, մասնագիտական պատմությունը և այլ գործոններ՝ հասկանալու համար, թե ինչն է նրանց առավել համապատասխան դարձնում կոնկրետ աշխատանքին:
«Մենք տրամադրում ենք բազմաշերտ խորհրդատվություն, որը բազմաթիվ գործառույթներ հաշվի առնող հիբրիդ համակարգ է։ Համադրությունը, որը կիրառում ենք, հիմնված է այն խնդրի վրա, որը լուծում ենք Node.js-ը, PHP-ը, Python-ը այն հիմնական տեխնոլոգիաներն են, որոնք մեր թիմն օգտագործում է մեր արտադրանքում։ Մեր արտադրանքը եզակի դիրք է գրավում՝ վերլուծելու մեր փորձը շուկայում և վերածելու այն բազմաֆունկցիոնալ ուսուցման ալգորիթմների»,- ասում է նա։
Գործիքը ստեղծվել է ընկերության իսկ ունեցած դժվարությունների հետևանքով՝ այն ժամանակ, երբ նրանց անհրաժեշտ էր ընդլայնել գործունեությունը և աշխատանքի ընդունել նոր աշխատակիցների․ «Ոչ միայն դժվար էր գտնել շնորհաշատ անձանց՝ անգամ շատ ժամանակ, գումար և միջոցներ ծախսելով Facebook-ի գովազդների, աշխատանքային հարթակների և այլնի վրա, այլև բառացիորեն անհնար էր խթանել ընկերության գործատուի ապրանքանիշը սոցիալական մեդիայով։ Մեր ցանցի հետ խոսելիս մենք հասկացանք խնդիրը»,- բացատրում է համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
Այդ պատճառով, թիմը որոշեց հետազոտել ՄՌ ոլորտը՝ մտադրված լինելով ստեղծել համապարփակ հնարավորություններ կադրերի ընտրության պատասխանատուների համար՝ օգնելով ընկերություններին լուծել բազմակի խնդիրներ և նրանց աշխատանքի ընդունման կարիքների համար ապահովել «ծառայությունների մատուցման մեկ կենտրոնի» հնարավորություն:
Այս տարվա սկզբում ստարտափն ստացել էր ՆԶՀԴ դրամաշնորհ EU-SMEDA-ի կողմից։ Վահե Ավետիսյանը նկարագրում է այն որպես խաղի կանոնների փոփոխություն ստարտափի համար․
«Չնայած մենք ավարտել ենք մեր ծրագրի միայն առաջին ուղենիշը, և առջևում դեռ երկուսը կան, կարող ենք վստահորեն ասել, որ մեր ստարտափի վրա դրական ազդեցություն է ունեցել առավել արագացված տեմպերով աճը։ Գրեթե ողջ բյուջեն պլանավորված է աշխատակազմի ծախսերի համար, և արդեն աշխատանքի ենք ընդունել թիմի նոր անդամներ ու արագորեն զարգացնում ենք թե՛ արտադրանքը, թե՛ ստարտափը Հայաստանում և Ղազախստանում»:
Ավետիսյանը նշում է, որ ստարտափը ներկայումս կենտրոնացած է ԱՊՀ շուկայի վրա, իսկ հաջորդ տարի կընդլայնի իր գործունեությունը Ղազախստանում։
«Մենք պետք է նկատի ունենանք ԵՄ շուկան ավելի ուշ, բայց այս փուլում ԱՊՀ-ն առաջնային է»,- նշում է նա։
Ստարտափը տարբեր մարտահրավերներ է ունեցել իր վաղ փուլերում․ «Ստարտափ հիմնելու և այն ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս զարգացնելու համար տքնաջան աշխատանք, նվիրվածություն և վճռականություն է պահանջվում։ Երբեմն թվում է, որ շատ ստարտափների և արտադրանքների համար հաջողությունը մեկ գիշերում է եկել, բայց հաջողությունը սառցաբեկորի միայն ծայրն է, և շատ մեծ հաստատակամություն է պահանջվում՝ աշխատանքն իսկապես առաջ տանելու համար»,- ասում է Լուիզա Ավետիսյանը։
Միևնույն ժամանակ, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Նազելի Բադալյանը նշում է, որ Հայաստանում ստարտափների բազմաթիվ ուղենիշեր ավելի հեշտ նվաճելի են։
«Օրինակ, մենք իսկապես շատ շնորհաշատ անձինք ունենք այստեղ, մեր շուկան բավարար զարգացած է արտադրանքի փորձարկման առումով, իսկ երիտասարդ սերունդը հաճույքով է աշխատում ստարտափ ընկերություններում: Իհարկե, դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու՝ իսկապես զարգացած էկոհամակարգեր ունենալու համար, բայց կարծում եմ, որ անցած երկու տարիների ընթացքում ստարտափներին աջակցող կազմակերպությունների կողմից շատ ջանքեր են ներդրվել, և այս ամենն աստիճանաբար իր արդյունքն է ունենում»։
2019 թ.-ը ստարտափի համար չափազանց զբաղված է լինելու․ «Հաջորդ 12 ամիսներին կենտրոնանալու ենք մեր հաճախորդների բազայի ընդլայնման վրա։ Մեր տեխնիկական թիմն ակտիվ աշխատանք է տանում նոր գործառույթներ մշակելու ուղղությամբ, 2019 թ.-ի 2-րդ եռամսյակում կներկայացվի արհեստական ինտելեկտով կառավարվող Դիմողի հետագծման մեր համակարգը, իսկ ամենակարևորը 2019 թ.-ի 1-ին եռամսյակում մենք կներկայացնենք մեր հարթակը Ալմաթիում։ Այնքան շատ աշխատանք կա, և staff.am-ի և HireBee-ի համար շատ հետաքրքիր ժամանակներ են սպասվում»,- եզրափակում է տեխնիկական թիմի ղեկավար Հայկ Կարապետյանը։
EU-SMEDA ծրագրի մասին
2017 թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով: