EU4Business-ի շնորհիվ՝ ՎԶԵԲ-ը ՏՏ ոլորտի հայկական ընկերությանն օգնում է արտահանման աճ ունենալ

Հայաստան
EU4Business-ի շնորհիվ՝ ՎԶԵԲ-ը ՏՏ ոլորտի հայկական ընկերությանն օգնում է արտահանման աճ ունենալ

EU4Business նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորվելով Եվրոպական միության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՏՏ ոլորտի հայկական ընկերությանն աջակցել է միջազգային չափանիշներին համապատասխանող տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ներդնելու գործում, ինչը հանգեցրել է արտահանման կտրուկ աճի:

Իր «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» (ASB) ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ՏՏ ոլորտի խորհրդատվական ընկերություն «ՎՕԼՕ» ՍՊԸ-ին, որը մասնագիտացած է արտապատվիրված ծրագրային ծառայությունների և ՏՏ բիզնես լուծումների ոլորտներում, աջակցել է ներդնել անվտանգության կառավարման համակարգեր, ինչը հանգեցրել է անվտանգության քաղաքականության ու վերահսկողության բարելավմանը, ինչպես նաև համապատասխանեցմանը միջազգային ստանդարտներին:

Արդյունքում՝ ընկերությունը կարողացել է ընդլայնել իր գործունեությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մակարդակով: Բացելով նոր գրասենյակ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում և ներկայացուցչություններ Ուկրաինայում ու Ճապոնիայում՝ այն արձանագրել է արտահանման 168% և շրջանառության 191% աճ:

«ՎՕԼՕ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվին Հայաստանում՝ որպես ՏՏ խորհրդատվական ընկերություն: Այն մասնագիտացած է ամբողջ աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերություններին մատուցվող արտապատվիրված ծրագրային ծառայությունների և ՏՏ բիզնես լուծումների ոլորտում, որոնք նախատեսված են անվտանգ, ծավալուն և հուսալի բիզնես համակարգերի համար:

Նորարարական մոտեցումներ

Նորարարական մոտեցումները, ծառայությունների բազմազանությունն ու կոնկրետ նպատակներին հարմարեցված լուծումներն ընկերությանը հնարավորություն տվեցին արագորեն ընդլայնելու իր շուկան, հիմնականում՝ դեպի ԱՄՆ և Կանադա: Ընկերության արտադրանքի շուրջ 87%-ն արտահանվում է:

ՎՕԼՕ-ն ողջ աշխարհի մակարդակով արդեն իրականացրել է 140 ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, հեռահաղորդակցությունը, էներգետիկան, առողջապահությունը, էլեկտրոնային առևտուրը, զբոսաշրջությունը, սնունդը և խմիչքը, կրթությունը և էլեկտրոնային ուսուցումը, նյութատեխնիկական ապահովումը:

Ընկերության ռազմավարական նպատակներից մեկը եվրոպական շուկան է և, մասնավորապես, ԵՄ երկրները: Դա պահանջում է համապատասխանեցում Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից սահմանված տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտներին: Ընկերության ներկայիս գործընկերները նույնպես աստիճանաբար ավելի շատ են պահանջում համապատասխանեցում որակի կառավարման միջազգայնորեն ընդունված ստանդարտներին: Հենց այստեղ էլ օգնության եկան ՎԶԵԲ-ը և EU4Business-ը:

Փորձագետ խորհրդատու

Ելնելով բացահայտված բիզնես կարիքներից՝ ՎԶԵԲ-ը կապ հաստատեց ընկերության և որակի կառավարման ու ԻՍՕ-ի վկայագրման ոլորտներում մասնագիտացած տեղական խորհրդատուի միջև, որը՝

  • ձևակերպեց անվտանգության պահանջները և նպատակները.
  • կառավարեց անվտանգության ռիսկերը՝ ծախսերի արդյունավետության տեսանկյունից.
  • ապահովեց համապատասխանեցում օրենքներին ու կանոնակարգերին.
  • մշակեց ընթացակարգային շրջանակ՝ վերահսկողության իրականացման և կառավարման համար.
  • սահմանեց ներքին աուդիտի գործընթաց.
  • համապատասխան տեղեկություններ տրամադրեց տեղեկատվական անվտանգության կանոնակարգերի, հրահանգների, ստանդարտների և ընթացակարգերի մասին:

Ընկերությունը նշված գործողությունների արդյունքում բազմապատկեց իր արտահանման ծավալն ու շրջանառությունը՝ արտադրողականությունը մեծացնելով 44%-ով:

Հիմնվելով տեղական խորհրդատուի հետ ունեցած դրական փորձառության վրա՝ ՎՕԼՕ-ն արտահայտեց իր հետաքրքրվածությունը «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի կողմից միջազգային խորհրդատվություն ստանալու հարցում: Ծրագիրն արդեն սկսվել է՝ առանձնապես կենտրոնանալով մարդկային ռեսուրսների կառավարման, արտահանումների, մարկետինգային ռազմավարության և գործառնությունների ոլորտների վրա:

ՎԶԵԲ-ի խորհրդատվություն փոքր բիզնեսներին

ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագիրը, որը Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում, նպատակ է հետապնդում խթանելու ՓՄՁ ոլորտի արդյունավետ կառավարումը՝ աջակցություն տրամադրելով առանձին ձեռնարկությունների և նրանց օգնելով զարգացնել իրենց բիզնեսը: Այն օժանդակում է ՓՄՁ-ներին կառուցվածքային փոփոխություններ կատարել և նոր գործարար հմտություններ զարգացնել՝ նրանց օգնելով բարգավաճել և մրցակցել շուկայական տնտեսություններում: Ծրագիրը ՓՄՁ-ներին նաև տալիս է ծախսերի բաշխման հիմունքներով տեղական խորհրդատվական ծառայություններ ստանալու հնարավորություն` տրամադրելով մինչև 10000 եվրոյի դրամաշնորհներ:

 

Իմանալ ավելին

ՎԶԵԲ-ի խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում

ՎՕԼՕ-ի կայք

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները