Հայաստանում կրթության հզորացում Techschool-ի միջոցով` EU4Business աջակցությամբ

Հայաստան
Հայաստանում կրթության հզորացում Techschool-ի միջոցով` EU4Business աջակցությամբ

Կրթությունը միշտ եղել է հասարակության զարգացման կարևոր հիմնաքարը: COVID-19 համավարակի պայմաններում կրթական ոլորտում նորարարական լուծումների անհրաժեշտությունն առավել քան երբևէ ակնհայտ դարձավ։

26-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը՝ միջմշակութային հաղորդակցությունների, լեզվաբանության և անգլերենի կրթությամբ, գիտակցեց այս անհրաժեշտությունը և իր հետաքրքրությունը գտավ կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների անընդհատ զարգացող աշխարհում: Որպես «Արմենիան Քոդ» ակադեմիայի արտադրանքի մենեջեր՝ նա իր փորձն ու ոգևորությունն ի նպաստ դրեց Techschool կոչվող առցանց ուսուցման հարթակի ստեղծմանը:

Հեռավար ուսուցման հնարավորություններ Techschool-ում

COVID-19 համավարակը աննախադեպ մարտահրավերներ առաջացրեց հայաստանյան բիզնեսների և կրթական կենտրոնների համար՝ հարմարվելու հեռավար ուսուցմանը և դիմակայելու այնպիսի խոչընդոտների, ինչպիսիք են տեխնոլոգիաների հասանելիությունը և կրթության որակի պահպանումը։ Այնուամենայնիվ, արագորեն նորարարական մոտեցումներ կիրառվեցին, ներառյալ Techschool-ի ստեղծումը (նախկինում` Bootcamp) 2022 թվականի ապրիլին: Դրան աջակցեց «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունը (EU4Business):

Techschool-ն առցանց ուսուցման համապարփակ հարթակ է, որն առաջարկում է դասընթացների և ռեսուրսների լայն շրջանակ՝ օգնելով անհատներին զարգացնել ու կատարելագործել իրենց հմտությունները տեխնոլոգիայի ոլորտում:

Հարթակը նախատեսված է բոլոր մակարդակների սովորողների հզորացման համար՝ նրանց տրամադրելով գիտելիքներ և գործիքներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում բարգավաճելու համար: Ծրագրավորում, փափուկ հմտություններ, տվյալների գիտություն, դիզայն և այլն դասընթացների հսկայական գրադարանով Techschool-ը բավարարում է սովորողների լայն շրջանակի բազմազան կարիքներն ու հետաքրքրությունները:

Դասընթացները Techschool-ում ստեղծվում և դասավանդվում են ոլորտի փորձագետների և փորձառու հրահանգիչների կողմից, որոնք խանդավառ են իրենց գիտելիքներն ու պատկերացումները կիսելու հարցում:

«Ուսումնական ծրագիրը խնամքով մշակված է, որպեսզի լինի գրավիչ, ինտերակտիվ և գործնական՝ հնարավորություն տալով կրթվողներին կիրառել յուրացրած գիտելիքն ու հմտությունները իրական աշխարհի նախագծերում և սցենարներում», բացատրում է Ռուզաննա Հովհաննիսյանը: «Ի հավելումն, Techschool-ն առաջարկում է ուսուցման բազմազան տարբերակներ՝ ներառյալ ինքնուրույն ուսուցում, հայերեն բովանդակություն, կենդանի նիստեր, գրասենյակային ժամեր և ուսուցման աջակցություն՝ ապահովելով, որ սովորողները ունենան ճկունություն և աջակցություն իրենց ուսումնական ճամփորդության ընթացքում»:

Նպատակների ընդլայնում՝ EU4Business դրամաշնորհով

2022 թ.-ին Techschool-ը ստացել է 50000 եվրո դրամաշնորհ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի շրջանակներում, որը նշանակալի ֆինանսավորում է տրամադրել Techschool-ի նպատակներն առաջ մղելու համար: Աջակցությունը կարևոր նշանակություն ունեցավ կրթական ծրագրերի ընդլայնման և դրական արդյունքների հասնելու համար: «EU4Business-ի աջակցությամբ Techschool-ը հաջողությամբ մշակեց օգտատերերի համար հարմար կայք և ուսուցման կառավարման հզոր համակարգ՝ հնարավորություն տալով ստեղծել և տրամադրել գրավիչ առցանց դասընթացներ»,  ասում է Ռուզաննան:

Ռուզաննան գտնում է, որ դրամաշնորհի ազդեցությունը չի կարելի թերագնահատել. «Առանց դրա Techschool-ը զգալի մարտահրավերների կբախվեր իր նպատակներին հասնելու համար: Աջակցությունը վճռորոշ դեր խաղաց ֆինանսական խոչընդոտների հաղթահարման և կրթական նախաձեռնություններն առաջ մղելու համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման գործում: Դրամաշնորհը Techschool-ին հնարավորություն տվեց իրականացնելու էական նախաձեռնություններ, որոնք այլ կերպ դժվար կամ անհնար կլինեին»:

Օգտագործողի համար հարմար հարթակով, գրավիչ դասընթացներով և շարունակական կատարելագործման հանձնառությամբ՝ Techschool-ը անհատներին հնարավորություն է տալիս ձեռք բերել արժեքավոր հմտություններ և զարգանալ արագընթաց տեխնոլոգիաների աշխարհում:

Techschool-ը զգալի հաջողություններ է գրանցել Հայաստանում առցանց կրթության հեղափոխության ուղղությամբ: Ռուզաննան և նրա թիմը հպարտ են, որ նպաստում են կրթության առաջխաղացմանը՝ սովորողներին տրամադրելով մատչելի և բարձրորակ ուսուցման փորձ:

***

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը Հայաստանում շարունակվում է։ Ծրագրի ընդհանուր նպատակը զբոսաշրջության և նորարարության ոլորտներում հավասարակշռված և ներառական աճ ապահովելն է: Այն համագործակցում է Հայաստանի հյուսիսային շրջանների զբոսաշրջային նորարար ձեռնարկությունների հետ՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների համար ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում խթանելով բիզնես մշակույթը:

Ավելի քան 150 ձեռնարկություններ արդեն ստացել են աջակցություն ծրագրի շրջանակում, որն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ և ուսուցանել ավելի քան 1000 անհատների:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները