Բիզնեսի զարգացումը և նոր շուկաներ ներթափանցելը պահանջում է նորարարություն և նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծում արտերկրում, մասնավորապես, այն փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, որոնք ձգտում են ամրանալ:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունը, որն օգնում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի վեց երկրների ՓՄՁ-ներին իրացնել իրենց ողջ ներուժը և խթանել տնտեսական աճը, Բուլղարիայի և Հայաստանի ՓՄՁ-ներին հրավիրել է մասնակցելու «Ընդլայնվիր համագործակցելով » ծրագրին՝ հաջակցություն այդ ձեռնարկությունների զարգացման:
Հայաստանի «Էնթերփրայզ Արմենիա» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի) և Բուլղարիայի Դոբրիչի առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացվող ծրագիրը աջակցություն է տրամադրել բիո և/կամ օրգանական սննդի ոլորտի 10 բուլղարական և 10 հայկական ՓՄՁ-ների:
Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ները ստացել են խորհրդատվություն և փոխանակման այցեր կատարել երկու երկրներ: Նրանք նաև համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծել։
Բիզնեսը բիզնեսին
«Ընդլայնվիր համագործակցելով» [«Match & Grow» ] ծրագրի միջոցով ԵՄ-ի կողմից աջակցվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին» նախագիծը արտահանման մեծ ներուժ ունեցող ՓՄՁ-ներին տրամադրել է համապատասխան խորհրդատվություն շուկայի հետազոտության, մարքեթինգի, բրենդավորման և պիտակավորման վերաբերյալ, ներկյացրել համագործակցության ու գործարար հանդիպումներ անցկացնելու ձևերն ու մեթոդները։
Ծրագիրն օգնել է գործարարներին ընդլայնելու գործարար կապերն ու ցատկահարթակ ստեղծել՝ նոր շուկաներ դուրս գալու, համատեղ նոր արտադրություններ, նոր աշխատատեղեր ստեղծելու, բիզնեսն ընդլայնելու, արտահանման աճի և մրցունակության բարձրացման համար:
«Ընդլայնվիր համագործակցելով»-ն [«Match & Grow»] նպատակը նաև ԵՄ անդամ երկրների և ԱլԳ բիզնեսների միջև հետագա կայուն համագործակցության համար պայմաններ ստեղծելն էր:
Ծրագրի արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են՝ 5 բուլղարական և 5 հայկական ընկերություններ ստորագրել են 6 պայմանագիր: Պայմանագրերը վերաբերում էին հայկական արտադրանքը (օրգանական մեղր և օրգանական մուրաբաներ)՝ բուլղարական շուկայում և բուլղարական արտադրանքը (օրգանական թահին, ընկույզների և սերմերի կարագ, բնական քաղցրացուցիչներ, սառը սեղմված յուղեր և սպրեդներ)՝ հայկական շուկայում ներկայացնելուն։
Մասնակից ՓՄՁ-ներից երկուսի համար մշակված մարքեթինգային պլանները կօգնեն Հայաստանից և Բուլղարիայից մեկական ընկերության դիվերսիֆիկացնել արտադրությունը՝ ավելացնել իրենց շուկայական մասնաբաժինները, վաճառքը, շրջանառությունը և շահույթը:
Ավելին, ծրագրի գործընկերների կողմից մշակված հարցումը կօգնի գնահատել ընկերությունների միջև ձևավորված նոր գործընկերությունների տնտեսական ազդեցությունը տարբեր տեսանկյուններից, ներառյալ շուկայական մասնաբաժնի, աշխատատեղերի պահպանման/ստեղծման, որակի բարելավման, նոր շուկաներ մուտք գործելու և այլ:
Առեւտրի խթանում
Ծրագրի շնորհիվ բուլղարական և հայկական ընկերություններն ամրապնդել են իրենց արտահանման ներուժն ու խթանել զարգացումը առևտրի, ներքին ներդրումների և գործարար կապերի ստեղծման խրախուսման միջոցով:
Բիզնեսը բիզնեսին [B2B] ընդհանրությունների նույնականացման միջոցառումները, ընկերությունների փոխանակման այցերը և հետագա այցելությունները, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի վերաբերյալ սեմինարները օգնել են ամրապնդել երկու երկրների բիո/օրգանական սննդի ոլորտի ՓՄՁ-ների միջազգայնացումն ու նորարարական կարողությունները: Ընկերությունների շարքում 11 ՓՄՁ պատկանում են կանանց, 11-ը՝ գրանցված էին մարզերում, սեփականատերերից 6-ը մինչև 35 տարեկան երիտասարդ ձեռնարկատերեր էին:
Բիզնես-ընդհանրությունների նույնականացման այցերը տեղի են ունեցել 2021 թվականին. օգոստոսին հայկական ՓՄՁ-ները այցելել են Բուլղարիա՝ Դոբրիչի «Գյուղատնտեսություն և ամեն ինչ դրա համար» տոնավաճառի մասնակցության համար, իսկ բուլղարական բիզնեսները հոկտեմբերին այցելել են Հայաստան՝ երկրի մայրաքաղաք Երևանում «ArmProd EXPO» ցուցահանդեսին։
Բուլղարիա/Հայաստան այցելություններ
Ծրագրում ընդգրկված հայկական ՓՄՁ-ները եղել են բուսական օրգանական թեյի, օրգանական մեղրի, օրգանական չրերի որ մրգերի, օրգանական ծնեբեկի, ելակի, ծիրանի, տանձի, ազնվամորու, մոշի, ընկույզի և օրգանական չորացրած խոտաբույսերի սերտիֆիկացված օրգանական արտադրողներ: Նրանք այցելել են Բուլղարիա՝ ծանոթանալու բուլղարական սննդի շուկայի հիմնական ներկայացուցիչներին, շուկայի միտումներին, գներին և բուլղարական խոհանոցի մշակույթին:
Նրանք նաև մասնակցել են B2B (բիզնեսը՝ բիզնեսի հետ) ձևաչափով հանդիպումների բուլղարական սննդի դիստրիբյուտորների, մեծածախ վաճառողների, օրգանական խանութների և վաճառքի գործակալների հետ:
Դոբրիչի «Գյուղատնտեսություն և ամեն ինչ դրա համար» տոնավաճառում հայ գործարարները մասնակցել են 72 նախապես պայմանավորված հանդիպումների օրգանական եղեսպակ, ընկույզ, սալոր, խնձոր, արևածաղիկ, ցորեն, լոբի, աղի ձողիկներ, նախուտեստներ, սերմեր և սածիլներ, պարարտանյութեր և մեղր արտադրող սերտիֆիկացված բուլղարական արտադրողների հետ:
Նրանք նաև հանդիպել են օրգանական գյուղատնտեսության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների, ինչպես նաև խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Իրենց հերթին ցորենի, արևածաղկի, ընկույզի, խնձորի, սալորի, տանձի, լոբու, եղեսպակի, եգիպտացորենի, հիմալայական աղով ամբողջական հացահատիկի պրեզելների, կոկոսի յուղի, կաթի փոշու, ընկույզների, օրգանական սերտիֆիկացված սերմերի, հում և բոված սերմերի, քաղցրացուցիչների, բուսական ճարպերի, քսուքների բուլղարական արտադրողները ներկա էին Հայաստանում անցկացվող «ArmProd EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։
Ցուցահանդեսը, որ խթանում է ուղղակի կապը արտադրողների և դիստրիբյուտորների, բիզնես խորհրդատուների և սպառողական շուկայի հետազոտողների ու սննդամթերքի վաճառքի ցանցերի միջև, արդյունավետ էր բուլղարացի գործարարների համար:
Բուլղարական ՓՄՁ-ները 83 B2B բիզնեսը՝ բիզնեսի հետ ձևաչափով հանդիպում են անցկացրել իրենց հետաքրքրող ապրանքներ արտադրող հայ ձեռներեցների հետ, հաստատել նոր գործարար հարաբերություններ և ուսումնասիրել համագործակցության հնարավոր տարբերակներ: Բացի այդ, նրանք ներկայացրել են իրենց արտադրանքը և ծանոթացել հայկական սննդի շուկայի, տեղական արտադրանքի, հայտնի ապրանքանիշերի և մշակութային միտումների մասին:
Փոխշահավետ
Ե՛վ ցուցահանդեսում, և՛ հանդիպումների ընթացքում Բուլղարիայի և Հայաստանի ընկերությունները քննարկել են արտադրության սերտիֆիկացման, շուկայի պահանջարկի, գնային քաղաքականության հարցեր, ինչպես նաև երկու երկրներում օրգանական արտադրողների համար առկա խոչընդոտներն ու մարտահրավերները: Ցուցահանդեսին և տոնավաճառում B2B հանդիպումներին և ընկերությունների տաղավարներ այցելելուց բացի, ծրագրի մասնակիցները տեղում այցելություններ են կազմակերպել։
Բուլղարիայում հայ արտադրողները հանդիպում են ունեցել երկու օրգանական սննդի խանութներում, այցելել ֆերմերների շուկա և ֆերմաներ: Բուլղարացի արտադրողները Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել են օրգանական սննդի խանութ և երեք օրգանական սնունդ արտադրող ընկերություններ։
ԵՄ-ի կողմից աջակցվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին» (EU4BCC) ծրագիրը գործնական աջակցության միջոցառումներ է իրականացնում տեղական առևտրի պալատների և գործարար համայնքների համար և ամրապնդում է ներգրավվածությունը: Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորվող EU4BCC-ն պաշտոնապես մեկնարկել է 2019 թվականի դեկտեմբերին: Ծրագրի գլոբալ նպատակը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում կայուն տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը աջակցելն է՝ ՓՄՁ-ների աճին նպաստելու միջոցով:
Ընդհանուր առմամբ, 95 բիզնեսին աջակցող կազմակերպություններ (ԲԱԿ)՝ 47-ը ԵՄ-ից և 48-ը՝ ԱլԳ երկրներից, ներգրավված են եղել ծրագրի գործողություններում որպես իրականացնող դերակատարներ (օրինակ՝ առևտրի պալատներ, բիզնես ասոցիացիաներ, գործատուների ֆեդերացիաներ, բիզնես կլաստերներ և այլն): Որոշ ԲԱԿ-ներ ներգրավված են եղել մեկից ավելի գործողություններում: Ծրագիրը հետագայում ներգրավել է ավելի քան 1000 ՓՄՁ և ԲԱԿ որպես վերջնական շահառուներ: