Հայաստանի բերրի հողն ու բարենպաստ կլիման մրգերին յուրահատուկ հարուստ համ են տալիս։ Այն գյուղատնտեսական արտադրանք է դառնում, որը, քիմիական պարարտանյութերի համեմատաբար սահմանափակ օգտագործման հետ միասին, գնալով ավելի բարձր է գնահատվում միջազգային շուկաներում։ Քանի որ Հայաստանի սննդամթերքի վերամշակման ոլորտը շարունակաբար զարգանում է, արտադրողները տեղական բերքը գլոբալ առումով մրցունակ արտադրանքի վերածելու նոր հնարավորություններ են գտնում։
Արա Գևորգյանի համար այս հնարավորությունն անձնական էր։ Ոգեշնչված իր հոր երբեմնի խնամած այգիներով՝ նա որոշեց շարունակել ընտանեկան ավանդույթն ու վերածել այն ժամանակակից բիզնեսի։
2018 թ․-ին Արմավիրի մարզում Արան մի փոքր ընկերություն հիմնեց՝ մասնագիտացած այգեգործության, մրգային չիպսերի, մրգային պաստիլայի և խնձորի հյութի արտադրության մեջ՝ Kanach ապրանքանիշով։ Օգտագործելով Արարատյան դաշտի սեփական այգիների բերքը՝ նպատակը պարզ էր․ միջազգային սպառողներին ներկայացնել Հայաստանի լավագույն չրերի համը։
Մի քանի տարի ընկերությունը հիմնականում արտահանում էր Ռուսաստան։ Սակայն Արան ավելի մեծ նպատակ ուներ՝ մուտք գործել եվրոպական շուկա։
Աճ և զարգացում՝ ԵՄ աջակցությամբ
Շրջադարձային եղավ 2024 թ․-ը, երբ ընկերությունը միացավ Եվրոպական միության ֆինանսավորվող «Հայաստանում կայուն ագրոբիզնեսի և հագուստի արժեքային շղթաների զարգացում» ծրագրին, որն իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ «ԵՄ-ն՝ հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության շրջանակում։
Ծրագրի միջոցով Արան ստացավ մասնագիտական վերապատրաստումներ, խորհրդատվական աջակցություն և փորձի փոխանակման հնարավորություններ այլ ձեռնարկատերերի հետ։ Այս աջակցությունը զգալիորեն նպաստեց ընկերության արտադրական գործընթացների բարելավմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը։
Կարևոր ձեռքբերումներից էին արտադրական և պահեստային տարածքների բարելավումը, սալորաչրի չորացման նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև չրերի հիմքով նոր քաղցրավենիքների արտադրության գծի ստեղծումը։
«Մենք բարձր ենք գնահատում վերապատրաստումները, ստացած խորհրդատվությունն ու աջակցությունը», ասում է Արան։
«Նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մենք սկսեցինք բիզնեսը կառավարել ավելի պրոֆեսիոնալ։ Այս աջակցությամբ մենք կարողացանք ստեղծել բարձրորակ և մրցունակ արտադրանք, որն արտացոլում է ոչ միայն Հայաստանի հողի հարստությունը, այլև եվրոպական ժամանակակից մոտեցումները»։
Ծրագրի աջակցությամբ Արան նաև ստացավ բրենդավորման ծառայություններ և սկսեց չրերի արտադրություն նորաստեղծ Donos ապրանքանիշի ներքո։
Ձևավորելով ներկայություն միջազգային հարթակում
Արտադրական կարողությունների և ապրանքանիշի զարգացման հետ մեկտեղ ընկերությունը սկսեց իր առաջին քայլերը կատարել գլոբալ շուկաներում։
Արա Գևորգյանը մասնակցեց սննդի արդյունաբերության ոլորտի երկու խոշոր միջազգային ցուցահանդեսների՝ SIAL Paris 2024 և Gulfood 2025։
SIAL Paris ցուցահանդեսը կարևոր քայլ դարձավ ընկերության միջազգային ընդլայնման համար։ Նոր ստեղծված Donos ապրանքանիշը մեծ հետաքրքրություն առաջացրեց միջազգային գնորդների շրջանում, և ցուցահանդեսի ընթացքում կնքվեց համագործակցության երկու համաձայնագիր՝ մեկը ֆրանսիական, մյուսը՝ ամերիկյան ընկերության հետ։ Երկուսն էլ վերածվեցին կոնկրետ բիզնես գործընկերության։
«Ծրագրի աջակցությամբ մենք առաջին անգամ մասնակցեցինք SIAL Paris ցուցահանդեսին և ներկայացրինք մեր արտադրանքը պրոֆեսիոնալ փաթեթավորմամբ և գովազդային նյութերով։ Դա իսկապես բացառիկ փորձ էր», հիշում է Արան։
Հաջորդ կարևոր քայլը Gulfood 2025 ցուցահանդեսն էր, որտեղ ծրագրի աջակցությամբ կազմակերպվեցին B2B հանդիպումներ միջազգային գնորդների հետ։ Այս միջոցառումն օգնեց ընկերությանը ընդլայնել իր միջազգային գործընկերային ցանցը և սկսել քննարկումներ Մերձավոր Արևելքի և Ասիայի շուկաների հնարավոր գործընկերների հետ։
Մի շարք բանակցություններ ներկա պահին էլ ընթացքի մեջ են։
Ապագայի տեսլական
Այսօր Արա Գևորգյանի բիզնեսը շարունակում է զարգանալ ծրագրի շարունակական աջակցության շնորհիվ՝ ներառելով սննդի անվտանգության չափանիշներին, ԵՄ արտահանման պահանջներին և միջազգային շուկաներին պատրաստվածության բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ և խորհրդատվական միջոցառումներ։
Այն, ինչ սկսվել էր որպես ընտանեկան այգիների վրա հիմնված փոքր տեղական ձեռնարկություն, աստիճանաբար վերածվում է միջազգային ճանաչում ունեցող արտահանողի։
Միջազգային շուկաներում աճող պահանջարկի, Արարատյան դաշտից կայուն մատակարարումների և ժամանակակից վերամշակման տեխնոլոգիաների շնորհիվ ընկերությունը լավ դիրքավորված է՝ աշխարհի տարբեր երկրների սեղաններին ներկայացնելու հայկական մրգերի համը։