Հոբբիից բիզնես. տիկին Ռիտայի բաղադրատոմսով պատրաստված թեյերը՝ աշխարհի տարբեր շուկաներում

Հայաստան
Հոբբիից բիզնես. տիկին Ռիտայի բաղադրատոմսով պատրաստված թեյերը՝ աշխարհի տարբեր շուկաներում

Մոտ 20 տարի դպրոցում աշխատանքի ուսուցում դասավանդելուց հետո Ռիտա Մարտիրոսյանը որոշում է երկար տարիների հոբբին վերածել բիզնեսի։ Բուսաբուժության հանդեպ սերը ժառանգել է քեռուց, ում շնորհիվ մանկուց մասնագիտացել է տարբեր բուսական թեյերի պատրաստման մեջ։ Դասավանդելուն զուգահեռ շարունակել է քեռու օգտակար գործը՝ տնային պայմաններում չորացնելով տարբեր թեյաբույսեր և ապա դրանցով բուժիչ թեյեր պատրաստել։ Իսկ հոբբին բիզնեսի վերածելու գաղափարը հասունացել է այն ժամանակ, երբ տիկին Ռիտայի մշակած թեյաբույսերն առաջին անգամ հումքի տեսքով արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ արժանացել են գնորդների գնահատանքին։ Փոքր ծավալով արտահանման առաջին փորձից հետո արժանացել են նաև Երևանի ամենահայտնի թեյարաններից մեկի հավանությանը՝ դառնալով նրա տեղական թեյերի առաջին մատակարարը։

Ժամանակի հետ բիզնեսն ընդլայնվել է՝ ոգեշնչելով ու ներգրավելով նաև ընտանիքի մյուս անդամներին, իսկ տիկին Ռիտան՝ որպես կին ձեռներեց, անգամ արժանացել է «Մեր ժամանակների հերոսը» պետական մրցանակին։

«Ritea» և  «Rifruit» ապրանքանիշերի կայացումը

Տիկին Ռիտայի հիմնադրած ընկերությունը ներկայումս գործում է երկու ապրանքանիշի ներքո․ 2014-ից ի վեր արտադրում է «Ritea» օրգանական թեյերը, իսկ 2018-ից ի վեր՝ նաև  «Rifruit» չրերը:

2017-ից սկսած ընկերությունն «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում տարբեր տեսակի աջակցություն է ստացել՝ բրենդինգից մինչև HACCP սննդի անվտանգության համակարգի ներդրում, իսկ բոլորովին վերջերս՝ հոկտեմբերին, Հայաստանից այլ արտադրողների հետ մասնակցել է «Անուգա» սննդի և ըմպելիքների ամենամեծ ցուցահանդեսին Եվրոպայում։

«Անուգայից շատ բան սովորեցինք։ Նման ցուցահանդեսները կարևոր են հասկանալու համար, թե շուկայում ինչ պահանջարկ կա, մյուս ընկերություններն ինչպիսի արտադրատեսակներով, դիզայնով ու փաթեթավորմամբ են ներկայանում։ Գերմանիայից նոր մտքերով ենք վերադարձել Հայաստան թե փաթեթավորման, և թե նոր արտադրատեսակների առումով», - նշում է Ռիտա Մարտիրոսյանը։  

Ցուցահանդեսի շրջանակում Ritea-ն հաստատել է բազմաթիվ գործընկերային կապեր, որոնց արդյունքում հնարավոր է մոտ ապագայում Ֆրանսիա և Իսպանիա արտահանելու պատվերներ ստանա։ Արդեն իսկ կնքվել է համագործակցության պայմանագիր ԱՄՆ-ում գտնվող ընկերության հետ:

Գալիք տարվա սկզբին ընկերության հին և նոր արտադրատեսակները կներկայանան նոր, միջազգային պահանջներին համապատասխան փաթեթավորմամբ, որն ընկերությունը ձեռք է բերել «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում։ Այս փաթեթավորմամբ առաջին միջազգային պատվերը ուղևորվելու է ԱՄՆ։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում։

HACCP սննդի անվտանգության համակարգի ներդրումն ավելի կհեշտացնի առաջատար շուկաներ արտահանման գործընթացը։ Ծրագրի արդյունքում տրամադրված աջակցության արդյունքում Ritea-ն գալիք երկու ամիսների ընթացքում ձեռք կբերի HACCP հավաստագիր։   

Ընկերությունը ծրագրի ստացած աջակցության տեսակներից հատկապես առանձնացնում է Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած ուսումնական այցը, որտեղ այլ հայկական արտադրողների հետ ձեռք է բերել արժեքավոր հմտություններ արտադրությունը բարելավելու համար։

«Արտադրության մեջ կարևորը հումքը լիարժեքորեն օգտագործելն է, օրինակ, ապրանքային տեսք չունեցող մրգից մրգային լավաշ պատրաստելու, իսկ կորիզից բուսական յուղ ստանալու միջոցով։ Հարավային Աֆրիկա կատարած ուսումնական այցը և միջազգային փորձագետ Անտոն Էրվեի խորհրդատվությունները թե այնտեղ, և թե Հայաստան կատարած իր գործուղման շրջանակում բացառիկ էին. կարևոր արտադրական գաղտնիքներ իմացանք, թե ինչ տեխնոլոգիաներ կիրառենք մրգի պատշաճ չորացման, խոնավության ապահովման և չրի կյանքը երկարացնելու համար»,- նշում է Ռիտան։

Նոր գաղափարներ, նոր ապրանքատեսականի, նոր շուկաներ

Փաթեթներով թեյերի, մրգային և հատապտղային թեյերի արտադրություն, ինչպես նաև մրգային լավաշների տեսականու ընդլայնում. այս ամենը Ritea-ն պատրաստվում է իրականացնել մոտ ապագայում։ Արդյունքում, տիկին Ռիտայի բաղադրատոմսով պատրաստված ավելի լայն տեսականի մուտք կգործի նոր շուկաներ՝ տարածելով դրանց բուժիչ հատկանիշները աշխարհի տարբեր անկյուններում։ 

Բիզնեսի ընդլայնման հետ կապված ապագա պլանները, սակայն, չեն սահմանափակվում այսքանով։ Չնայած ՔՈՎԻԴ-ի հասցրած տնտեսական հարվածներին՝ ընտանիքը նախատեսում է Գառնի գյուղում՝ արտադրամասին կից, հյուրատուն և ռեստորան հիմնել, որտեղ ընտանեկան բաղադրատոմսերով պատրաստված ուտեսները, չրերն ու թեյերը կհամտեսեն նաև աշխարհի տարբեր երկրներից Հայաստանի այս գողտրիկ անկյունն այցելած զբոսաշրջիկները։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները