You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Ամեն ինչ սկսվեց վիրահատությունից: Րաֆֆին՝ Կանադայում ծնված վեբ ծրագրավորող, ով Հայաստան հայրենադարձեց 2011 թվին, երևանյան մի հիվանդանոց էր ընդունվել երկարատև առողջական խնդրի բուժման համար, որը հնարավոր չէր եղել բուժել Կանադայում: Նրան ուրախացրեց ոչ միայն բուժման արդյունքը, այլև զարմացրեց գնի ու որակի հարաբերակցությունը: «Հենց այդ ժամանակ էլ որոշեցի ստեղծել ծրագրային հավելված, որը ողջ աշխարհի այլ մարդկանց կօգնի մատչելի բուժում ստանալ»,- նշում է Րաֆֆին:

Արդյունքում ստեղծվեց GetTreated-ը՝ թվային ստարտափ, որը նախատեսված է ամբողջ աշխարհի հիվանդների համար ամենամատչելի և քիչ ժամանակատար բուժման հնարավորությունները գտնելու համար: «Ստարտափը սկզբում ֆինանսավորվում էր մեր վեբ ծրագրավորման ստուդիայի միջոցով ստացած եկամուտներով»,- բացատրում է Րաֆֆին: «Երբ սկսենք գործունեություն ծավալել այլ երկրներում, կփնտրենք ֆինանսավորման այլ աղբյուրներ»: Ահա այս փուլում օգնության ձեռք մեկնեց EU4Business-ը:

GetTreated-ը 15 հայկական ստարտափներից մեկն էր, որը վերջերս Բեռլինում ներկայացվեց Գերմանիայի գործարար շրջանակներին՝ «Հայաստանյան ստարտափների ակադեմիա Բեռլինում» (ASAB) միջոցառմանը, որը կազմակերպվել էր EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի կողմից:

Կապերի հաստատում ներդրողների և խորհրդատուների հետ

«Մենք ակնկալում ենք կապեր հաստատել այլ ստարտափների, ներդրողների և խորհրդատուների հետ: Ավելին՝ ցանկանում ենք խորհրդատվություն ստանալ այն մասին, թե ինչպես պատշաճ կերպով կազմակերպենք մեր ստարտափը՝ համաշխարհային մասշտաբով գործունեություն ծավալելու համար»,- նշել է ընկերությունը իր նորարարության ներկայացման ելույթում՝ նախքան 2017 թ սեպտեմբերի 3-10-ը կայացած ակադեմիային մասնակցելը:

Ստարտափների ակադեմիան Բեռլինում ներառում էր քառօրյա ինտենսիվ դասընթացներ ներդրումների համար պատրաստվածության, բիզնեսի մոդելավորման, նորարարական գաղափարների ներկայացման, շուկայավարման և վաճառքի թեմաներով, ինչպես նաև անհատական հանդիպումներ հավանական գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ:

Րաֆֆին ծնվել և մեծացել է Կանադայում` իռլանդական ծագմամբ կանադացի հոր և սիրիահայ մոր ընտանիքում: Նա բազմաթիվ անգամ Երևան էր այցելել նախքան 2011 թվին վերջնականապես Հայաստան հայրենադարձելը և Երևանում վեբ ծրագրավորման հաջող ընկերություն հիմնելը:

GetTreated-ը 2016 թվին գործարկվեց որպես նախատիպ և պաշտոնապես գրանցվեց Երևանում 2017 թ. հունվարին իր երկու հիմնադիրների՝ Րաֆֆի Էլիոթի և Շաղիկ Ագիլյանի կողմից: Թիմն այժմ բաղկացած է 3 անձից:

Մատչելի բուժման հնարավորություններ արտերկրում

Րաֆֆին վստահությամբ հայտնում է իր նորարարության ներկայացման ժամանակ. GetTreated-ը «հարթակ՝ որպես ծառայություն» է (Platform as a Service, PaaS), որը հիվանդներին օգնում է ծախսարդյունավետ ու քիչ ժամանակատար բուժման հնարավորություններ գտնել արտերկրում: Այն ավտոմատ կերպով նշանակում է բժշկական տեսակցությունները, վիրահատությունների ամսաթվերը, չվերթերը, հյուրանոցները և ավելին՝ հիվանդներին տրամադրելով ավելի հեշտ, անվտանգ ու լավ մշակված այլընտրանքային առաջարկներ, քան՝ բժշկական տուրիստական գործակալությունները»:

Հաշվի առնելով «Երևանում գործող մոտ 100 տեխնոլոգիական ստարտափների ... և Արևելյան Եվրոպայի մի շարք լավագույն ծրագրավորողների առկայությունը», ինչպես նաև կյանքի ցածր արժեքն ու բարենպաստ գործարար միջավայրը՝ Րաֆֆին Հայաստանը համարում է իդեալական սկզբնակետ, որտեղից կարող է սկսել իր ընկերության աճը:

GetTreated-ն ակնկալում է մուտք գործել բժշկական տուրիզմի հսկայական համաշխարհային շուկա, որը տարեկան կազմում է ավելի քան 50 միլիարդ ԱՄՆ դոլար և աճում է տարեկան մինչև 10%-ով: «Մենք մտադիր ենք զարգացնել այս ընկերությունը՝ միջազգային բժշկական ոլորտում լուրջ դերակատար դառնալու համար՝ միևնույն ժամանակ մնալով զուտ հայաստանյան ընկերություն»,- նշել է Րաֆֆին նախքան Բեռլինի ակադեմիային մասնակցելը:

Շնորհիվ EU4Business-ի և SMEDA ծրագրի՝ GetTreated-ն այժմ մի քայլ ավելի մոտ է իր նպատակների իրականացմանը:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

 

Իմանալ ավելին

SMEDA ծրագիր

GetTreated-ի կայք

Հայաստանյան ստարտափների ակադեմիա Բեռլինում

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
17.01.2022
Մոտ 20 տարի դպրոցում աշխատանքի ուսուցում դասավանդելուց հետո Ռիտա Մարտիրոսյանը որոշում է երկար տարիների հոբբին վերածել բիզնեսի։ Բուսաբուժության հանդեպ սերը ժառանգել է քեռուց, ում շնորհիվ մանկուց մասնագիտացել է տարբեր բուսական թեյերի պատրաստման մեջ։
am
25.11.2021
Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում արվեստը, ուսումն ու գիտությունը բարձրագույն արժեքներ են տեղացիների համար, իսկ քաղաքն ինքնին՝ ապրելու և գլուխգործոցներ ստեղծելու վայր: Գյումրին ու այնտեղ գործունեություն ծավալող փոքր ձեռնարկությունները միանգամից զգացին covid-19 համավարակի ազդեցությունը։
am
25.11.2021
Հայաստանի ՏՏ էկոհամակարգն արագորեն զարգանում է, իսկ աշխարհին առաջարկվող լուծումներն էլ թե՛ բազմազան են, և թե՛ նորարարական՝ արդի միտումներին ու զարգացումներին համահունչ։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները