Մեղրեցի Հայկուշ Հովսեփյանի ընտանիքը, տարիներ շարունակ զբաղվելով արքայանարնջի մշակությամբ, որոշեց ժամանակի պահանջներին համապատասխան ավանդականից կանաչ գյուղատնտեսության անցնել ու այն զարգացնել: Այս հարցում ձեռներեցին օգնության հասավ Ավստրիական զարգացման գործակալությունը՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրով։
Այգեգործությունը Հայաստանի հարավային դարպասի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն է: Դեռ 90-ական թվականներից պապենական հողերը մշակելով՝ Հայկուշ Հովսեփյանի ընտանիքը մի օր որոշեց թարմ մրգի փոխարեն շուկա հանել չիր:
«Մեղրիում մրգի իրացումն արդեն դժվարացել էր, մենք էլ տարեկան ունենում էինք 30-40 տոննա արքայանարինջ: Ինքնարժեքն իջնում էր, մտածեցինք՝ ավելի լավ է վերամշակենք, որ գոնե եկամուտը ավելանա, կորուստ չունենանք, բացի դրանից՝ սառնարանում չիրը կարող ես երկար պահել»,– հիշում է նա:
Առաջին չրանոց արտադրամասը իր սառնարանով 100 քառակուսի մետր տարածք էր զբաղեցնում, հետագայում արտադրությունն ընդլայնվեց, տարածքը՝ նույնպես:
«Սկզբնական ներդրումները մեր սեփական եկամուտներից էին: Արքայանարնջի վաճառքից ստացած գումարը քիչ չէր, բացի դրանից, ունենք կիվի, նռան այգիներ, խաղողից օղի ենք թորում»,– պատմում է Հայկուշը։
Այգեգործի խոսքով՝ իրենց բիզնեսի առաջընթացին նպաստել է համացանցը: Տարբեր միջազգային կազմակերպությունների հայտարարած դրամաշնորհային մրցույթների մասին տեղեկացել են և սկսել գաղափարները վերածել ծրագրերի, այնուհետև դիմել՝ աջակցություն ստանալու համար: Վստահ է` այս ամենը հաջողությամբ է պսակվել, քանի որ ընտանիքն իրար գլուխ է հավաքվել:
Ժամանակակից գյուղատնտեսությամբ սկսեցին հետաքրքրվել այն բանից հետո, երբ ամուսինը Իսրայելում ծանոթացավ կանաչ և օրգանական գյուղատնտեսության առավելություններին: Ասում է՝ դա հիմք դարձավ, որ իրենք էլ անցնեն կանաչ գյուղատնտեսության և դիմեն «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրին:
Ավստրիական զարգացման գործակալության հետ EU-GAIA ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքում տեխնիկա ձեռք բերեցին: Ծրագրի շնորհիվ տրակտոր ունեցան, արևային մարտկոցով տաք ջուր և արքայանարնջի տեղափոխման համար արկղեր։ Այս ամենը զգալիորեն թեթևացրեց աշխատանքը:
Ավստրիական զարգացման գործակալության շահառու դառնալուց հետո սկսեցին նաև առավել լավ տիրապետել շուկայի նորարարություններին:
«Հատկապես մարքեթինգի հարցերով ինձ շատ օգնեցին, ապրանքանիշ են ստեղծել, ստացած գիտելիքները կիրառում ենք: Ճիշտ է, Հայաստանում սերտիֆիկացման գործընթացը բարդ է, բայց կամաց-կամաց հասնում ենք հաջողությունների։ Դիմել ենք օրգանական արտադրողի սերտիֆիկատ ստանալու, առայժմ միայն թարմ մրգի արտադրության սերտիֆիկատի հույս ունենք, որ այս տարվա վերջին կստանանք, դրանից հետո արդեն վերամշակման համար կհանենք սերտիֆիկատը»,– ասում է Հայկուշը։
Կանաչ գյուղմթերք արտադրողի խոսքով՝ թունաքիմիկատներ ընդհանրապես չեն օգտագործում։ Պարարտացնում են գոմաղբով, իսկ չրերը պատրաստում են բացառապես իրենց այգու բերքով։ Թարմ մրգի տեսքով արտադրողականությունը հասնում է մինչև 40 տոննայի, իսկ չրերի դեպքում՝ 15-17 տոննայի։ Թեև ընտանիքը իր ամբողջ ներուժով ընդգրկված է բիզնեսի մեջ, սեզոնին օգնության են հասնում վարձու աշխատողներ, որոնք թե՛ բերք են հավաքում, թե՛ օգնում վերամշակման հարցում։ Իրացումն ապահովում են՝ համագործակցելով Հայաստանի խոշոր չրագործների հետ։ Մանրածախ առևտրով չեն զբաղվում, մեծածախ են իրացնում իրենց արտադրանքը։
Ձեռներեցությամբ զբաղվելու հաջողության գրավականներից մեկը, Հայկուշի համար, մշտապես սովորելու պատրաստակամությունն է և անտրտունջ աշխատելը, քանի որ ապագայի ծրագրերը հավակնոտ են։
«Ես ոչ մի աշխատանքից չեմ վախենում։ Մեր տան կանայք և տղամարդիկ հավասար աշխատում են։ Ապագայի համար հին հայկական գինետուն կառուցելու ծրագիր ունենք, տարածք ունենք պահած, տուրիզմի զարգացման կենտրոն ենք դարձնելու։ Իրավիճակից ելնելով՝ մի քիչ ձգձգում ենք, բայց ես լավատես եմ, համոզված եմ, որ Մեղրին միշտ էլ կանգուն կլինի»։