You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Մեծ տվյալների և արհեստական բանականության աշխարհում տվյալների մշակման հզորությունը նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչ ուժն է: Ստեղծվող տվյալների անընդհատ աճի պայմաններում պրոցեսորների՝ տվյալներ պահելու և վերլուծելու կարողությունը բավարար չէ և հետ է մնում արդիական զարգացումներից: Ահա այս ոլորտում է գործում հայկական Grovf ստարտափը, որն ակնկալում է EU4Business-ի օժանդակությամբ միանալ տվյալների հեղափոխությանը:

Grovf-ը առաջարկում է տվյալների բազայի հիմնական գործառույթների ապարատային արագացում IIoT (արդյունաբերական իրերի ինտերնետ) տվյալների մշակման համար՝ նոր իրականություն, որը վերափոխում է այս ոլորտը: Արդյունաբերական իրերի ինտերնետը համատեղում է գերազանց սարքավորումները, առաջատար վերլուծական համակարգերը և աշխատուժը՝ ստեղծելով հաղորդակցության տեխնոլոգիաներով կապակցված բազմաթիվ սարքերի ցանց, ինչը հանգեցնում է այնպիսի համակարգերի ձևավորմանը, որոնք կարող են, ինչպես երբեք նախկինում, վերահսկել, հավաքել, փոխանակել, վերլուծել և ներկայացնել նոր տվյալներ:

Սակայն դրանք խիստ ծանրաբեռնում են պրոցեսորների վրա հիմնված ավանդական տվյալների կենտրոնների աշխատանքը: Այսօրվա բարձր կատարողականությամբ հաշվողական համակարգերը կարող են զգալիորեն շահել, եթե հիմնական ալգորիթմներն ու պրոցեսներն իրականացվեն ապարատային արագացմամբ, ինչը, ճիշտ մշակման դեպքում, կհանգեցնի արագագործության աճի և ծախսի նվազեցման։

Արտավազդ Խաչատրյանը և Խաչիկ Սահակյանը ընկերներ ու գործընկերներ էին. նրանք համատեղ զգացին ապարատային արագացման լուծումների պոտենցիալը և որոշեցին, որ ժամանակն է կատարելու առաջին վճռական քայլը՝ 2017 թ. փետրվարին հիմնելով Grovf ընկերությունը:

«Մեր տվյալների բազայի ապարատային նախատիպն ապահովել է 10 անգամ ավելի արագ գործառնություններ և հարյուր անգամ ավելի արագ արձագանք՝ ծրագրային տվյալների բազաների համեմատ: Grovf-ի մշակած տեխնոլոգիան կտրուկ կնվազեցնի սերվերների քանակը, ինչը կպարզեցնի տվյալների կենտրոնի աշխատանքը և կնպաստի էլեկտրաէներգիայի խնայողությանը»,- բացատրում է Grovf-ի գլխավոր տնօրեն Խաչիկ Սահակյանը:

EU4Business-ի՝ զարգացման խթանմանն ուղղված աջակցությունը

Մայիսին Grovf-ը մասնակցեց «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի» հայտատուների համար կազմակերպված վենչուրային ֆորումին: Ընկերությունը 15 հաղթող թիմերից մեկն է, որը ֆինանսական օժանդակություն կստանա EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի շրջանակներում, որն ուղղված է նորարարական տեխնոլոգիական ստարտափներին:

Ֆինանսական աջակցությունից բացի, SMEDA-ն արդեն իսկ ընկերությանը տրամադրել է խորհրդատվություն, գործարար կապերի հաստատման հնարավորություններ և փորձառություն նորարարության առևտրայնացման ռազմավարությունների և բիզնեսի զարգացման ոլորտներում, ինչպես նաև կապեր պոտենցիալ ներդրողների հետ:

Այս աջակցությունն ընկերության համար ապահովել է այն խթանը, որն անհրաժեշտ էր իր առաջին նախատիպը մշակելու համար: «Այժմ մենք համագործակցում ենք National Instruments կազմակերպության հետ՝ օգտագործելով նրանց ապարատային լուծումները սարքի նախագծման և թեստավորման համար։ Եվրոպայում արդեն կան բազմամիլիարդանոց ընկերություններ, որոնք պատրաստ են վճարելու սարքի համար: Grovf-ի թիմը մեծանում է. մենք այժմ հինգ հոգի ենք և ակտիվորեն ինժեներներ ենք փնտրում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի թիմին միանալու համար»,- վերջերս PanARMENIAN.Net լրատվական գործակալությանը հայտնեց ընկերությունը:

Նորարարության ներկայացում գերմանական տեխնոլոգիական ընկերություններին

Grovf-ը մեկն էր հայկական 15 նորարարական ստարտափներից, որոնք SMEDA ծրագրով մեկնեցին Գերմանիա՝ մասնակցելու «Հայաստանյան ստարտափների ակադեմիա Բեռլինում» (ASAB) միջոցառմանը: Ակադեմիան ներառում էր քառօրյա ինտենսիվ դասընթացներ ներդրումների համար պատրաստվածության, բիզնեսի մոդելավորման, նորարարական գաղափարների ներկայացման, շուկայավարման և վաճառքի թեմաներով, ինչպես նաև անհատական հանդիպումներ հավանական գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ:

Գործադրված ջանքերն անմիջապես պտուղ տվեցին. «ASAB-ի շրջանակներում՝ վերջերս Բեռլինում էինք, ուր ներկայացնում էինք մեր ընկերությունը IFA Berlin-ի (էլեկտրոնիկայի ամենախոշոր ցուցահանդեսը Եվրոպայում) և Հայկական ստարտափների երեկոյի ընթացքում: Ներկայումս մենք հնարավոր համագործակցության շուրջ բանակցություններ ենք վարում երկու հայտնի միջազգային ընկերությունների հետ, ինչպես նաև վաճառքի տարբերակներ ենք քննարկում երկու գերմանական ՏՏ դիստրիբյուտոր ընկերությունների հետ»:

Grovf-ի մշակած լուծումն ապահովում է 10 անգամ ավելի արագ գործառնություններ, 3 անգամ ավելի շատ էներգախնայողություն և 100 անգամ ավելի արագ պատասխանի ժամանակ՝ համեմատած շուկայում գործող հանրահայտ տվյալների բազաների հետ: Այս առավելությունները կարող են հանգեցնել տվյալների կենտրոնների պարզեցմանը և 5-10 գործակցով նվազեցնել սերվերների քանակը՝ ապահովելով ավելի բարձր արտադրողականություն:

Շուկան հսկայական ներուժ ունի: «Տվյալների բազաների սերվերների շուկան չափազանց մեծ է և այժմ հասնում է մոտ 110 մլրդ դոլարի: Մենք թիրախավորում ենք NoSQL տիպի բազաների շուկան, որի չափը դեռ համեմատաբար փոքր է՝ 10 մլրդ դոլար, սակայն առաջիկա երեք տարիների ընթացքում ունի մինչև 30 մլրդ դոլար աճի պոտենցիալ՝ Իրերի ինտերնետի շնորհիվ»,- նշում է ընկերությունը։

Շնորհիվ EU4Business-ի և SMEDA ծրագրի՝ Grovf-ը պատրաստ է առավելություն ձեռք բերելու:

Իմանալ ավելին

SMEDA ծրագիր

Grovf-ի կայք

Հայաստանյան ստարտափների ակադեմիա Բեռլինում

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
17.01.2022
Մոտ 20 տարի դպրոցում աշխատանքի ուսուցում դասավանդելուց հետո Ռիտա Մարտիրոսյանը որոշում է երկար տարիների հոբբին վերածել բիզնեսի։ Բուսաբուժության հանդեպ սերը ժառանգել է քեռուց, ում շնորհիվ մանկուց մասնագիտացել է տարբեր բուսական թեյերի պատրաստման մեջ։
am
25.11.2021
Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում արվեստը, ուսումն ու գիտությունը բարձրագույն արժեքներ են տեղացիների համար, իսկ քաղաքն ինքնին՝ ապրելու և գլուխգործոցներ ստեղծելու վայր: Գյումրին ու այնտեղ գործունեություն ծավալող փոքր ձեռնարկությունները միանգամից զգացին covid-19 համավարակի ազդեցությունը։
am
25.11.2021
Հայաստանի ՏՏ էկոհամակարգն արագորեն զարգանում է, իսկ աշխարհին առաջարկվող լուծումներն էլ թե՛ բազմազան են, և թե՛ նորարարական՝ արդի միտումներին ու զարգացումներին համահունչ։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները