Հայկական առաջատար օնլայն գնումների հարթակը շուկայում ամրապնդվելու նպատակ ունի

Հայաստան
Հայկական առաջատար օնլայն գնումների հարթակը շուկայում ամրապնդվելու նպատակ ունի

Շատ մեծ նախաձեռնություններ սկսվում են պարզ գաղափարներից, որոնք կոչված են լուծելու մարդկային պարզ խնդիրները: Որպես փոքր շուկա և դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանի շուկան թիրախ չէ աշխարհի բազմաթիվ խոշոր բիզնեսների համար։ Այնուամենայնիվ, Հայաստանի բնակիչները նույնպես ցանկանում են ունենալ լավագույն ընտրությունը՝ աշխարհում հասանելի ամենագեղեցիկ, ամենաարդյունավետ և ամենաֆունկցիոնալ իրերը: Աշխարհի առաջարկած լավագույնը հայաստանցի հաճախորդներին բերելու գաղափարը ծնվել է 7 տարի առաջ և դարձել Գլոբբինգ:

Արագ աճ

«Գլոբբինգ» Գլոբալ Շիփինգ ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է Երևանում 2015 թվականին, 7 տարվա ընթացքում 5 սրահ է բացել Հայաստանում և 1 սրահ՝ Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղում, ավելի քան 170 լոքերներ՝ պահարաններ, է տեղադրել՝ ստեղծելով Հայաստանում պահարանների ամենամեծ ցանցը, և հիմնել է Գլոբբինգ Ղազախստանն ու Գլոբբինգ Ուզբեկստանը:

Նման արագ աճն, ինքնըստինքյան, հանգեցրել է կազմակերպչական որոշ խնդիրների՝ անձնակազմի կառավարման համակարգերի բացակայությամբ պայմանավորված, ինչն, իր հերթին, պատճառ է դարձել աշխատանքի արտադրողականության անկման, աշխատուժի արտահոսքի և այլ խնդիրների։ Այդ ժամանակահատվածում ընկերությունը տեղեկացել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի մասին, որն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), դիմել է կազմակերպչական զարգացման և մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) աջակցության համար, նպատակ ունենալով բարձրացնել ՄՌԿ արդյունավետությունը, վերանայել ընկերության կազմակերպչական կառուցվածքը և զարգացնել խթանների և հետադարձ կապի մեխանիզմների համակարգը:

Խնդիրների լուծում

«Մինչ խորհրդատվական այս ծառայությունները ստանալը ընկերությունն արդեն սկսել էր ստանդարտացնել և ինստիտուցիոնալացնել ՄՌԿ գործընթացները, ընթացակարգերը և փաստաթղթերը», - ասում է Գլոբբինգի վարչական տնօրեն Քրիստ Մարուքյանը: «Խորհրդատուները մեզ օգնեցին խթանել գործընթացը»:

Մարուքյանը շարունակում է. «Ես ինքս Գլոբբինգի հաճախորդ էի 2017 թվականից և միշտ հիացել եմ ընկերության հիմնադիրների ստեղծած՝ ամբողջ աշխարհում գործող հսկայական լոգիստիկ համակարգով: Ես միացել եմ ընկերությանը ուղիղ մեկ տարի առաջ: Այսօր իմ հիմնական պարտականությունները ներառում են ընկերության՝ կորպորատիվ կառավարման գործիքներին, գործընթացներին, ընթացակարգերին անցնելու հետ կապված փոփոխությունները կառավարելը, հակակշիռների ստեղծումը և շահերի բախման վերացումը»:

2021 թվականի դեկտեմբերին Գլոբբինգին տրամադրված 12,611  եվրո դրամաշնորհի 5,405 եվրոն ներդրել է ընկերությունը։ Դրամաշնորհի շրջանակներում նրանք հստակեցրել են կազմակերպության կառուցվածքը, ստեղծել կազմակերպչական ռազմավարության համապատասխանության ստուգման համակարգ և իրականացնել SWOT, PEST և Porter-ի հինգ ուժերի վերլուծություններ։ Ֆինանսավորման շնորհիվ Գլոբբինգը հետազոտել է ՄՌԿ գործառույթներում առկա խնդիրները, կազմել ՄՌԿ գործառույթների ռազմավարություն, ծրագիր, տարբեր բաժինների ու աշխատակիցների գործառույթների ցանկ, ստեղծել աշխատանքի նկարագրություններ և աշխատանքային պայմանագրերի ձևեր, կատարողականի գնահատման գործիքներ, ցուցանիշների ու չափորոշիչների բալանսավորված համակարգ:

«Մենք հաջողությամբ հասանք ծրագրի նպատակներին և գործընթացի շնորհիվ իրականացրինք անհրաժեշտ փոփոխությունները», - ասում է Մարուքյանը՝ գնահատելով Գլոբբինգի ձեռքբերումները համագործակցությունից։ «Դրամաշնորհը հիմնականում օգնել է արագացնել ինստիտուցիոնալացման գործընթացները, որոնք մենք արդեն սկսել էինք, և բարձրացնել դրանց ընդհանուր արդյունավետությունը: Այլապես, առնվազն մեկ-երկու տարի ավել ժամանակ կծախսեինք՝ հասնելու համար այնտեղ, որտեղ ցանկանում էինք»։

Կարևոր ներքին փոփոխությունները

Ինչպես պարզաբանում է Մարուքյանը, ընկերության համեմատաբար մեծ չափերը և խորհրդատվական դրամաշնորհի բնույթը դժվարացնում են առաջին հայացքից դրա ազդեցությունը ներկայացնելը։ «Քանի որ նախագիծը կոչված էր բարելավելու կադրերի հետ կապված գործընթացները, ընթացակարգերը և փաստաթղթերը, ազդեցությունը հիմնականում ներքին էր: Ահա թե ինչու ընկերության արտաքին իմիջը, նրա առցանց ներկայությունը կայքում և սոցիալական մեդիայում տեսանելիորեն չեն փոփոխվել»:

Այնուամենայնիվ, Մարուքյանը համոզված է, որ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությունը ընկերությունը բարձրացրեց մի նոր մակարդակի, որտեղ իրենք տեսնում են հետագա աճ և արդյունավետ զարգացում; և վստահ է, որ դա ընկերությանը կբերի ավելի բարձր վարկանիշ: Գլոբբինգը վերակազմավորել ու արդիականացրել է ընթացակարգերն՝ իր աշխատակիցներին և հաճախորդներին կազմակերպության տեսլականի ուղղությամբ ավելի սահուն ուղեկցելու համար:

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները