You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հայաստանի կապուտաչյա հարստությունը՝ Սևանա լիճն ու իր ավազանը, հայտնի են հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա գտնվող Ծովազարդ գյուղը Սևանա լճից ընդամենը 200 մ հեռավորության վրա է։ Այստեղ են աճում բազմատեսակ առողջարար թեյաբույսեր։

Ծնունդով Ծովազարդ գյուղից երիտասարդ նպատակասլաց դեղագործ Անտոն Գալստյանը 1979 թ․-ից ուսմանը զուգահեռ զբաղվում է բանահավաքչությամբ: Հայաստանի գյուղերում շրջելով՝ գրի է առնում դեղաբույսերի ժողովրդական կիրառման դեղատոմսեր և մեկտեղում բժշկական համալսարանում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների հետ: 1989 թ․-ին այստեղ՝ իր հայրենի գյուղում,  հիմնում է «Անթառամ» արտադրական կոոպերատիվը։ Տարիների հետ «Անթառամ»-ը դառնում է Անտոնի` թեյաբույսերից տարբեր խառնուրդներ պատրաստելու եռանդի մարմնացում, որին հաջողվում է գրավել թե տեղական, և թե միջազգային շուկաները։

«Անթառամ» կոոպերատիվը հիմնելու շուրջ բոլորը գաղափարները կապված էին Ծովազարդի հետ։ Առաջին հերթին հիմնելով այն իր հայրենի գյուղում՝ Անտոնը հնարավորություն էր ունենում նպաստել դրա տնտեսական զարգացմանը։ Երկրորդ, գյուղում աճող վայրի թեյաբույսերից բացի՝ այստեղ կան բարենպաստ պայմաններ նաև նոր տեսակներ աճեցնելու համար։ Եվ երրորդ, Ծովազարդը գտնվում է Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների խաչմերուկում, ինչը հեշտացնում է լոգիստիկ աշխատանքների և արտահանման կազմակերպումը։

«Անթառամ» թեյերի հաջողության բաղադրատոմսը

Այսօր Անտոն Գալստյանը Հայաստանի թեյարտադրության ոլորտում ամենափորձառու մասնագետներից է, ով քառասուն տարիների իր հարուստ փորձն ու գիտելիքը փոխանցել է որդիներին՝ Արեգին և Նարեկին։

«Առաջին հերթին թեյարտադրությունը մեզ համար մասնագիտություն է և հետո նոր բիզնես»,- նշում է Արեգը, ով ժառանգել է իր հոր՝ թեյերի եզակի խառնուրդներ պատրաստելու նուրբ արվեստը և դրանք աշխարհի տարբեր երկրներին ներկայացնելու եռանդը։

«Արտադրության մեջ օգտագործում ենք ավելի քան 40 տեսակի թեյատեսակներ։ Մենք մշտապես աշխատում ենք ստեղծել այնպիսի խառնուրդներ, որոնք եզակի կլինեն համային առումով և կբավարարեն սպառողի ակնկալիքները»:

Գալստյաններն «Անթառամ» թեյերի հաջողության բաղադրատոմսն են համարում քրտնաջան աշխատանքը, առկա խնդիրներին նոր լուծումներ գտնելն ու արդյունավետ գործընկերային կապեր հաստատելը։

«2014 թ․-ից ի վեր մեր թեյերն արտահանել ենք Եվրոպայի տարբեր երկրներ՝ այդ թվում Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա։ Այս շուկաներ մուտք գործելը բավականին բարդ է, բայց հաջողելուց հետո այն երկարաժամկետ օգուտներ է բերում», - ավելացնում է Արեգը։

Արտահանման զարգացման գործում ընկերությանն աջակցող կարևոր նախաձեռնություններից է եղել «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը։ Այն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։

Վերածելով մարտահրավերները հնարավորությունների

Չնայած պանդեմիային՝ 2020 թ․-ը բավականին արդյունավետ էր «Անթառամ»-ի համար։ Կոոպերատիվն այս ժամանակահատվածն օգտագործեց արտադրությունը զարգացնելու և ապրանքանիշն արտահանման համար ավելի մրցունակ դարձնելու համար։ Կոոպերատիվը ձեռնամուխ եղավ նոր արտադրամասի կառուցմանը, որը համապատասխանելու է անվտանգության ավելի խիստ չափանիշների։ «Արևելյան գործընկերություն` առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում կոոպերատիվը Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկա­կան կետերի (HACCP) համակարգի ներդրման փուլում է։ Սա իր հերթին ճանապարհ կհարթի GMP (Good Manufacturing Practices) սերտիֆիկացման համար, որն ավելի մեծ մրցակցային առավելություն կդիտվի արտաքին շուկաներում։

«Տեսլականն ավելի առաջնային է, քան տեխնիկական մանրուքները», - նշում է Արեգը։

««Պատրաստ առևտրի համար» ծրագրի շրջանակում մենք սերտորեն աշխատել ենք բարձր որակավորում ունեցող միջազգային փորձագետների հետ, ովքեր օգնել են շեշտադրել մեր ուժեղ կողմերը և ներկայացնել դրանք որպես առավելություն թիրախային շուկային։ Օրինակ, Միացյալ Թագավորությունից միջազգային փորձագետ Անջելա Փրայսը արժեքավոր խորհուրդներ է տվել թեյերի խառնուրդների, փաթեթավորման, բրենդավորման և մարքեթինգի վերաբերյալ։ Բրենդինգը չափազանց կարևոր է արտահանման համար։ Ծրագրի շնորհիվ մենք այժմ ունենք նոր մրցունակ բրենդ՝ «Թուրմ»-ը», - շարունակում է Արեգը։

«Անթառամ» կոոպերատիվն իր գործընկերներին հիմնականում ձեռք է բերել միջազգային ցուցահանդեսների ժամանակ։ Ծրագրի շրջանակում այն մասնակցել է Եվրոպայում խոշոր միջազգային ցուցահանդեսների՝ «Բիոֆախ» օրգանական սննդի աշխարհի առաջատար և «Անուգա» սննդի և ըմպելիքների ցուցահանդեսներին։ Այս տարի՝ հոկտեմբերին, «Անթառամ»-ն ու Հայաստանից մի շարք այլ արտադրողներ մասնակցեցին «Անուգա 2021»-ին, որը ցուցահանդեսների վերսկսումից հետո ամենամեծն էր Եվրոպայում։

Հաստատուն քայլերով առաջ՝ դեպի նոր շուկաներ

Արտերկրում հայկական թեյերի առաջխաղացման գրավականն են արժեշղթայի շարունակական բարելավումը, նոր լուծումների ներդրումը և կորպորատիվ արժեքները։ «Անթառամ»-ը նախատեսում է ավելացնել ցանքատարածություններն ու վայրի հավաքից աստիճանաբար օրգանական աճեցման անցնել։ Ըստ Արեգի՝ թեյաբույսերի աճեցման առավելությունն է կայուն որակն ու միատարր զանգվածը, ինչը լուրջ շուկաներ մուտք գործելու կարևոր պայման է։ 2020 թ.-ին` համավարակի ամենաթեժ օրերին «Անթառամ»-ը Սևան ազգային պարկի տարածքում հիմնել է ալոճենիների և լորենիների պուրակ շուրջ 1000 ծառերով։ Այժմ զբաղվում է նրա խնամքով և ընդլայնմամբ:

Միջազգային շուկաներում ճանաչելի և մրցունակ լինելու համար հայաստանյան ընկերությունները պետք է նախ և առաջ ուշադրություն դարձնեն ապրանքի որակի վրա, ինչպես նաև հետևեն միջազգային լավագույն փորձին և չափանիշներին։ Օրինակ՝ «Անթառամ»-ն արտադրում է սերտիֆիկացված օրգանական թեյեր, ինչը հավելյալ արժեք է ներկայացնում արտահանման համար։ Շրջակա միջավայրի և աշխատակիցների հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ոչ միայն բարելավում է աշխատանքային միջավայրը և տնտեսական օգուտներ բերում, այլև առավելություն դիտվում նաև միջազգային շուկաներում։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
25.11.2021
Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում արվեստը, ուսումն ու գիտությունը բարձրագույն արժեքներ են տեղացիների համար, իսկ քաղաքն ինքնին՝ ապրելու և գլուխգործոցներ ստեղծելու վայր: Գյումրին ու այնտեղ գործունեություն ծավալող փոքր ձեռնարկությունները միանգամից զգացին covid-19 համավարակի ազդեցությունը։
am
25.11.2021
Հայաստանի ՏՏ էկոհամակարգն արագորեն զարգանում է, իսկ աշխարհին առաջարկվող լուծումներն էլ թե՛ բազմազան են, և թե՛ նորարարական՝ արդի միտումներին ու զարգացումներին համահունչ։
am
25.10.2021
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Երևանի» տեսակի ծիրանը մյուսների համեմատ ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի օգտակար է։ Այս տեսակի հայրենիքը համարվում է Արարատյան դաշտավայրը, իսկ ավելի հստակ՝ Երևանը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները