Սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղը, որ «ծաղիկների ավան» է նշանակում, գտնվում է Տավուշի մարզի փարթամ անտառներում, որտեղ կան բազմաթիվ խոտաբույսեր՝ հայտնի իրենց առողջարար հատկություններով: Հենց այստեղ է, որ Ասիրյանների ընտանիքը սկսեց իրենց «Ար Ֆիտո Ֆարմ» կոչվող փոքր բիզնեսը՝ տեղական խոտաբույսերի բուժիչ ուժը Հայաստանի այլ մարզեր և ավելի հեռուն հասցնելու համար:
Թեյի ավանդույթները՝ փաթեթավորված «Ար Ֆիտո Ֆարմ»-ում
Տնային պայմաններում պատրաստված առաջին բուսական թեյերն Ասիրյանների երեք սերունդների անսահման նվիրումի արդյունքն էին՝վայրի բույսերի հավաքելուց և համադրությունից մինչև չորացում և փաթեթավորում: Սվետլանա տատն ընտանիքում առաջինն էր, որ ուսումնասիրեց թեյի արտադրության գաղտնիքներն ու փոխանցեց դրանք հաջորդ սերունդներին:
«Իմ հայրը՝ Արմեն Ասիրյանը, ընկերությունն հիմնել է 2005թ.-ին», - ասում է «Ար Ֆիտո Ֆարմ»-ի փոխտնօրեն, 25-ամյա Արմինե Ասիրյանը: «Սա ընտանեկան բիզնես է, որի յուրաքանչյուր անդամ կատարում է որոշակի պարտականություններ: Մենք մանրակրկիտ ընտրում և հավաքում ենք վայրի խոտաբույսերը Հայաստանի վայրի մարգագետիններից, զգուշորեն մշակում դրանք` պահպանելու համն ու համը, ապա մեկտեղում դրանց հաճելիությունն ու օգտակարությունը: Մեր թեյերը թեյի տուփի մեջ մի փոքր Հայաստանի են նման»:
Տարիների ընթացքում ընկերությունը մեծացրել է իր արտադրության ծավալները «Ար Ֆիտո Ֆարմ» ապրանքանիշի ներքո՝ ստեղծելով նոր աշխատատեղեր Հայաստանի տարբեր տարածքներում: Մասնագիտությամբ մշակութաբան, Ասիրյանը խոստովանում է, որ անցած ուղին ոգևորիչ էր, բայց ոչ առանց մարտահրավերների:
Ծավալների մեծացման հետ մեկտեղ ընկերությունը բախվեց իր հնարավորություններն ընդլայնելու, կարողությունները խթանելու և նոր շուկաներ մտնելու անհրաժեշտությանը` առաջատարի դիրքերում մնալու համար: Այս հանգրվանում Ասիրյաններին աջակցության ձեռք մեկնեց «Արևելյան գործընկերություն՝առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն՝ բիզնեսի նախաձեռնություն» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ՄՏԿ) կողմից և ԵՄ աջակցությամբ:
Մի փոքր Հայաստան. նոր կայք, ապրանքանիշ, փաթեթավորում
«Բուսական թեյերի հետ մեկտեղ մենք այժմ արտադրում ենք թեյերի նոր շարք՝ ամենօրյա օգտագործման համար»,- ասում է Ասիրյանը: «Սա շուտով վաճառքի կհանվի սուպերմարկետներում և մթերային խանութներում»:
Ի սկզբանե, «Ար Ֆիտո Ֆարմ»-ի թեյերը հասանելի էին միայն բուժման համար և միայն դեղատներում: ԵՄ աջակցությունը ընկերությանը հնարավորություն տվեց մշակելու թեյի նոր բրենդ, որը բաղկացած է թեյերի 10 համադրություններից՝ նաև դիզայնի ու համադրությունների միջազգային փորձի ներդրման շնորհիվ:
«Նոր փաթեթավորումն առանձնանում է իր յուրահատուկ դիզայնով, ինչը մեզ մրցակցային առավելություն է տալիս ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում», - նշում է Ասիրյանը:
Ավելին, «Ար Ֆիտո Ֆարմ»-ում արդեն գործում են Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (HACCP) կառավարման համակարգի սկզբունքները, ինչն ավելի մեծ ազդեցություն կունենա միջազգային շուկաներում` աճի այլ հնարավորությունների հետ միասին: «Ար Ֆիտո Ֆարմ»-ը շուտով կգործարկի նոր կայքէջ՝ մեծացնելու իր ճանաչելիությունը և կապ հաստատելու նոր գնորդների ու հավանական գործընկերների հետ:
«HACCP-ն ու կայքը աջակցության մի մասն են, որ մենք ստացել ենք տեղական և միջազգային շուկաներում մեր դիրքերն ամրապնդելու համար», - ասում է Ասիրյանը: «Մենք ավելի քան 15 տարի ընտրում ենք լավագույն խոտաբույսերը, և մեր ստացած եզակի օգնությունը նպաստեց աշխատանքների ակտիվացմանը` ընկերության աճի և նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարով»: