You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ Իլյուզիաների թանգարանը գիտության հրաշք է բերել Հայաստանի մշակութային մայրաքաղաք

«Սա կախարդանք է» արտահայտութունն առաջինն է, որ ասում է Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրիի Իլյուզիաների թանգարան ոտք դնող ամեն այցելու: Սակայն այստեղ իլյուզիաները ոչ թե գերբնականի, այլ գիտության վրա են հիմնված։

Զբոսաշրջային այս նոր գրավչության հիմնադիրները՝ մասնագիտությամբ մարկետոլոգ ու ճարտարագետ, տպավորված էին այլ երկրներում նմանատիպ թանգարաններով և ցուցասրահներով, ուստի Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի միջոցով էլ որոշեցին ստեղծել թանգարանը:

Փնտրտուքները

Տնտեսագիտության թեկնածու, Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի մարքեթինգի դասախոս Գրիշա Ամիրխանյանը միշտ ցանկացել է ներկայացնել Հայաստանում այն ողջ զարմանալին, որ տեսնում է իր ճանապարհորդությունների ընթացքում: Իլյուզիաների թանգարանի ստեղծման գաղափարը նույնպես դրանցից մեկն էր։ Նույն միտքը նաև նրա ընկերոջ և թանգարանի համահիմնադիր ճարտարագետ Մեսրոպ Հակոբյանն ուներ։

Ընկերները տպավորված էին իրենց այցելած իլյուզիաների թանգարաններով, ինչը ոգեշնչեց նման թանգարաններ այցելելու համար արտասահման մեկնելու փոխարեն հայրենակիցներին Հայաստանում այդպիսի թանգարան այցելելու հնարավորություն ընձեռել:

«Թանգարանի ստեղծման գործընթացը շատ հետաքրքիր էր, բայց միևնույն ժամանակ շատ դժվար»,- ասում է Ամիրխանյանը։

«Սկզբնական փուլում մենք (Ամիրխանյանը և Հակոբյանը) ուսումնասիրում էինք նմանատիպ թանգարաններ տարբեր երկրներում, հանդիպում նրանց հիմնադիրների հետ և փորձում էինք մշակել թանգարանի հայեցակարգը, որը լավագույնս կհամապատասխաներ հայկական մշակութային, տնտեսական և զբոսաշրջային էկոհամակարգին»:

Ամիրխանյանը հիշում է, որ երբ արդեն ունեին հայեցակարգը, պիտի իրենց մտահաղացման համար իդեալական վայր գտնեին․ «Թանգարանի տեղակայման ընտրությունը նույնպես դժվար էր»:

«Մենք տատանվում էինք Երևանի և Գյումրիի (Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը) միջև։ Թեև մեր թանգարանը յուրահատուկ տեղ է, սակայն Երևանում կան բազմաթիվ ժամանցի վայրեր, և (թանգարանը) Հայաստանի մայրաքաղաքին զբոսաշրջային մեծ գրավչություն չէր ավելացնի։ Ի հակադրություն, Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին ժամանցի վայրերի պակաս ուներ»:

Աջակցություն բիզնեսին

Թանգարանի հիմնադիրներին տեղակայման հարցում վերջնական որոշում կայացնելու գործում օգնել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ ԵՄ-ի «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ նաև ստեղծեցինք թանգարանի տարբեր ցուցանմուշներ, կարևոր վերապատրաստումներ անցանք և արժեքավոր գործարար կապեր հաստատեցինք Գյումրիի բիզնես էկոհամակարգում», - ասում է Ամիրխանյանը:

Ներկայումս թանգարանն ունի ֆիզիկայի, մաթեմատիկայի և հոգեբանության օրենքների հիման վրա ստեղծված մոտ 50 ցուցանմուշ՝ «կախարդական» սենյակներ, որտեղ կարելի է փորձարկումներ անել, զվարճանալ և իմանալ զարմանալի նոր փաստեր: Այցելուները կարող են նաև ստուգել դպրոցական ծրագրի՝ իրենց գիտելիքները:

«Մեր մեկնարկի վերջին քայլը թիմի ստեղծումն էր՝ տեղացի տարբեր մասնագետներ ներգրավեցինք մեր գաղափարն իրականություն դարձնելու համար», - ասում է Ամիրխանյանը՝ հավելելով, որ իրենց «հյուրընկալող քաղաք» Գյումրիի հանդեպ սոցիալական պատասխանատվության սկզբունք են որդեգրել:

«Այս նախագծում ներգրավված է (տեղացի) մասնագետների շատ լայն շրջանակ՝ դիզայներից մինչև գիտնական, շինարարից մինչև փայտագործ, շուկայագետից մինչև ֆինանսներիմասնագետ», - ավելացնում է նա:

Իրականությունն ու իլյուզիան

Վերջնական արդյունքը՝ «զվարճանքի ու ուսուցանող կենտրոնը» (որտեղ գիտությունն ու զվարճանքը համակցված են) պաշտոնապես բացեց իր դռները 2022 թվականի հուլիսի 6-ին՝ հանրությանը զարմացնելով օպտիկական պատրանքներով, ֆիզիկայի օրենքների հրաշքներով և երկրաչափական պատկերներ ներառող գլուխկոտրուկներով:

«Մեզ համար ամենակարևոր ցուցանիշներից մեկն այն մարդկանց թիվն է, որոնք այցելում են Հայաստանի այլ մարզերից»,- ոգևորված ասում է Ամիրխանյանը։

«Այս պահի դրությամբ մենք ունեցել ենք մոտ 800 այցելու, և ուրախ ենք, որ մեր հաճախորդների մոտ 30 տոկոսը Գյումրի է գալիս նախ Իլյուզիաների թանգարան այցելելու համար։ Իհարկե, նրանք ավելի երկար ժամանակ են անցկացնում Գյումրիում և այցելում են քաղաքի այլ վայրեր, բայց ասում են, որ մեր թանգարանը եղել է իրենց ճանապարհորդության հիմնական կատալիզատորը»:

Թանգարանն ունի գյումրեցի 4 աշխատակից։ Ամիրխանյանն ասում է՝ իրենք առաջնահերթություն են տալիս հուշանվերների տեղական արտադրությանը, որոնք վաճառում են թանգարանի փոքրիկ խանութում։

«Մենք փորձում ենք լավագույն ծառայությունը տրամադրել և մեծ ուշադրություն ենք դարձնում մեր անձնակազմի վերապատրաստմանն ու զարգացմանը», - ասում է նա:

Հիմնադիրները պլանավորում են կանոնավոր կերպով թարմացնել իրենց ցուցադրություններն՝ ավելի շատ այցելուներ գրավելու համար և կրկին գայթակղելու նրանց, ովքեր արդեն տեսել են թանգարանի հրաշքները: Նրանք հուսով են, որ իրենց «կախարդանքը» կգրավի ընտանիքների՝ տատիկներին ու պապիկներին, ծնողներին և երեխաներին, քանի որ մարդը երբեք շատ ծեր չէ՝ նոր բան սովորելու համար:

Ամփոփ տեղեկություն

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը Հայաստանում շարունակվում է։ Դրա ընդհանուր նպատակը զբոսաշրջության և նորարարության ոլորտներում հավասարակշռված և ներառական աճ ապահովելն է: Ծրագիրը համագործակցում է Հայաստանի հյուսիսային շրջանների զբոսաշրջային նորարար ձեռնարկությունների հետ՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների համար ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում խթանելով բիզնես մշակույթը:

Ավելի քան 150 ձեռնարկություններ արդեն ստացել են աջակցություն ծրագրի շրջանակում, որն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ և ուսուցանել ավելի քան 1000 անհատների:

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
04.08.2022
Բիզնեսի զարգացումը և նոր շուկաներ ներթափանցելը պահանջում է նորարարություն և նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծում արտերկրում, մասնավորապես, այն փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, որոնք ձգտում են ամրանալ:
am
09.07.2022
«ՍԻՍ Նատուրալ»-ը Հայաստանում որակյալ նյութերի, մրգերի և բանջարեղենների պահածոների արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերությունն է։
am
28.05.2022
Վարքագծի փոփոխությունը ամենաժամանակատար գործընթացներից է։ Երբեմն դժվար է անգամ նկատել ու բացահայտել նման փոփոխության անհրաժեշտությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները