Հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր ծրագիր, որն ուղղված է Հայաստանի հյուսիսում գտնվող Դիլիջանում և հարակից համայնքներում տնտեսական աճի խթանմանը։
«Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջան համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով կոշտ և փափուկ ենթակառուցվածքներում։ Օրինակ՝ խորհրդային ժամանակներից լքված կարի ֆաբրիկայի հատվածը կվերածվի բիզնեսի, ձեռնարկատերերի և համայնքային ծառայությունների համար նորարարական տարածքի:
Ծրագիրը կիրականացվի Դիլիջանի համայնքապետարանի կողմից՝ Եվրոպական միության և IDEA հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրում ԵՄ ներդրումը կազմում է 1 միլիոն եվրո։
«Մենք լիահույս ենք, որ վերագործարկվող Կարի ֆաբրիկան կխթանի տնտեսական ակտիվությունն ինչպես Դիլիջանում, այնպես էլ Տավուշի մարզի ողջ տարածքում՝ մարզային փոքր և միջին բիզնեսներին ընձեռելով ինկուբացիայի և աքսելերացիայի հնարավորություն, ինչպես նաև վերջիններիս հասու դարձնելով անհրաժեշտ խորհրդատվական և աջակցության ծառայություններ»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Իմացիր ավելին