Միջազգային առևտրի կենտրոնը EU4Business-ի «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակներում կազմակերպում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքների վերամշակմամբ զբաղվող 32 ընկերությունների մասնակցությունը Փարիզում՝ հոկտեմբերի 21-25-ը կայանալիք SIAL սննդի միջազգային ցուցահանդեսին:
Ծրագիրը նպատակ է հետապնդում ներկայացնել ընկերություններին և նրանց արտադրանքները ԵՄ շուկայում և գործնական կապեր հաստատել ԵՄ գնորդների ու ներմուծողների հետ:
«SIAL Փարիզ»-ը սննդի սպասարկման ոլորտի մասնագետների համար ամենամեծ միջազգային շուկան է: 109 երկրներից ավելի քան 7020 ֆրանսիական և միջազգային մասնակիցներ սննդամթերք են ներկայացնելու «SIAL Փարիզ»-ում՝ սկսած բաղադրիչներից մինչև վերամշակված արտադրանք, այդ թվում նաև՝ թարմ արտադրանք:
Տոնավաճառին մասնակցությունը կազմակերպվել է տեղական գործընկերների՝ «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ», «AzPromo», «Վրաստանի ձեռնարկություններ» և «Ուկրաինայի հատապտուղների ասոցիացիա» ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ:
Ծրագրի աջակցությունը մասնակից ընկերություններին ընդգրկում է տոնավաճառին մասնակցության համար անհրաժեշտ տաղավարների վարձակալության և դիզայնի հարցում սատարումը, դասընթացների և վերապատրաստումների կազմակերպումը, գովազդային նյութերի մշակման և բիզնես-բիզնես հանդիպումների կազմակերպումը՝ կախված գործընկեր հաստատությունների ներգրավվածության մակարդակից:
Ծրագրի կողմից հրավիրվել են ավելի քան 400 գնորդներ, ներմուծողներ և մեծածախ վաճառքի ընկերություններ Եվրոպայից, որոնք կայցելեն շահառու ընկերությունների տաղավարները, ինչպես նաև ծրագիրը կնպաստի գնորդների հետ բանակցությունների ընթացքին և կցուցաբերի հետագա աջակցություն տոնավաճառից հետո կատարվող գործարքներին:
«Առևտրի համար պատրաստ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում, և նպատակ է հետապնդում բարելավել Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների մրցունակությունը և կապ հաստատել միջազգային և ԵՄ շուկաների հետ: