Հայաստանում EU4Business-ի «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում մեկնարկում է իր «Հաջող սկիզբ» ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը, որոնք ուղղված են ստարտափներին, վերջին երեք տարվա ընթացքում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին և բիզնեսի կառավարման ոլորտում աշխատանք փնտրողներին:
Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդամթերքի վերամշակումը և զբոսաշրջությունը:
«Հաջող սկիզբ» ծրագիրն իրականացվում է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից՝ Եվրոպական միության ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Արմավիրի մարզում ծրագիրը կիրականացվի Արմավիրում, Վաղարշապատում և Բաղրամյանում:
Լոռու մարզում ծրագիրը կիրականացվի Սպիտակում, Վանաձորում և Ստեփանավանում:
Սյունիքի մարզում ծրագիրը կիրականացվի Սիսիանում, Գորիսում և Տաթևում:
Ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ ուսուցում, տեղեկատվության տրամադրում, մասնագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն:
Ծրագրին մասնակցելով՝ ստարտափները և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք կբերեն գիտելիքներ շուկայավարման, կառավարման, արտադրության, ֆինանսների պլանավորման ոլորտներում, ինչպես նաև՝ համապատասխան գործարար հմտություններ:
Ծրագրի ընթացքում ստարտափ ձեռնարկությունները փորձառու մասնագետների ուղղորդմամբ առաջին հերթին կմշակեն իրենց բիզնես ծրագրերը, ապա կսկսեն դրանց իրականացումը:
Ամենաբարձր գնահատականի արժանացող ամենակենսունակ բիզնես գաղափարների համար հնարավորություն կտրվի դիմելու ֆինանսական աջակցության համար. մինչև 2 միլիոն ՀՀ դրամ՝ նոր աշխատատեղերի ստեղծման համար տրվող դրամաշնորհների միջոցով, և վարկեր, որոնք տրամադրում են ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերը հետևյալ պայմաններով՝
• գումարը՝ 5 միլիոն ՀՀ դրամ,
• տարեկան տոկոսադրույքը՝ 10%,
• ժամկետը՝ առավելագույնը 5 տարի,
• ապահովումը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի 100% երաշխիք:
Հարցազրույցների երկրորդ փուլը տեղի կունենա ըստ հետևյալ ժամանակացույցի՝
Լոռու մարզ, ք. Ստեփանավան – սեպտեմբերի 15, ժ. 13:00, հասցե՝ ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1 (Քաղաքապետարանի շենք):
Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ – սեպտեմբերի 20, ժ. 12:00, հասցե՝ ք. Վաղարշապատ, Չարենցի 3բ:
Սյունիքի մարզ, ք. Սիսիան – սեպտեմբերի 22, ժ. 13:00, հասցե՝ ք. Սիսիան, Գարեգին Նժդեհի 2:
Հարցազրույցների երրորդ փուլը տեղի կունենա ըստ հետևյալ ժամանակացույցի՝
Լոռու մարզ, ք. Վանաձոր – հոկտեմբերի 9, ժ. 12:00, հասցե՝ ք. Վանաձոր, Լազարյան 35/9:
Սյունիքի մարզ, գյուղ Տաթև – հոկտեմբերի 12, ժ. 13:00, հասցե՝ գ․ Տաթև, Շինուհայրի գյուղապետարան:
Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան – հոկտեմբերի 16, ժ. 12:00, հասցե՝ գ․ Մյասնիկյան, Մյասնիկյան փ. 4:
Գրանցվելու համար կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի, Լոռու, Սյունիքի մասնաճյուղեր:
Ծրագրի մասին
Ֆինանսավորվելով Եվրոպական միության կողմից՝ Հայաստանում EU4Busines-ի «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն ուղղված է մարզային ՓՄՁ-ների մրցունակության խթանմանը և ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում աշխատատեղերի ստեղծմանը՝ կենտրոնանալով սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն նպաստում է ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ստարտափների համար և հզորացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, ինչպես նաև զարգացնելով աշխատանք որոնող անձանց համապատասխան հմտությունները և հզորացնելով տեղական կարողությունները տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հետագա խթանման նպատակով: