Գիտության և տեխնոլոգիաների գիտաժողով Երևանում՝ EU4Business ծրագրի աջակցությամբ

Հայաստան
Գիտության և տեխնոլոգիաների գիտաժողով Երևանում՝ EU4Business ծրագրի աջակցությամբ

Հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի ունեցավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում (STC) գիտաժողովը»՝ կենտրոնանալով հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագայի վրա: Հավաքվել էին շուրջ 200 գիտնականներ և հետազոտողներ, որոնք քննարկեցին և ներկայացրին քվանտային հաշվարկների, մեքենայական ուսուցման, միկրոէլեկտրոնիկայի, կիբերանվտանգության, համակարգչային տեսունակության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ թեմաներ: 

Գիտաժողովը կազմակերպել էր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և աջակցվում էր Եվրոպական միության կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով (EU-SMEDA):

Գիտաժողովի բացումը կատարեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը: 

Խոսնակներն ընդգծեցին գիտության, հետազոտության և արդյունաբերության միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը՝ բարձրացնելու գիտակրթական և գիտահետազոտական ինստիտուտների բիզնես ներուժի և կարողությունների մասին իրազեկվածությունը և բարձր տեխնոլոգիաների և նորարարական զարգացումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը: 

Երկօրյա գիտաժողովը նպատակ էր հետապնդում լինել հարթակ՝ քննարկումներ անցկացնելու կարևոր գիտական թեմաների շուրջ՝ միավորելով գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին, ոլորտի ղեկավարներին, տեխնոլոգիական ընկերություններին և այլ շահագրգիռ կողմերին: Միջոցառումը բաղկացած էր տարբեր խմբային քննարկումներից, տեխնոլոգիական կողմնորշմամբ նիստերից և կլոր սեղաններից:

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները