Գյումրիի երիտասարդները ցույց են տալիս իրենց տաղանդը ՏՏ ոլորտում` EU4Business ծրագրի օգնությամբ

Հայաստան
Գյումրիի երիտասարդները ցույց են տալիս իրենց տաղանդը ՏՏ ոլորտում` EU4Business ծրագրի օգնությամբ

Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բազմաթիվ երիտասարդներ տեսնում են իրենց ապագան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ), որը զարգացել է EU4Business-ի օգնությամբ, հենց այն է, ինչ նրանց պետք է:

ԳՏԿ-ը ոգեշնչող օրինակ է Հայաստանի այլ մարզերի համար: 2017 թ. հոկտեմբերին այս կենտրոնում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Business նախաձեռնության «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբացիոն լաբորատորիա:

Ծրագրի նպատակն է աջակցել Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը՝ նվազեցնելով երիտասարդների գործազրկության մակարդակը և զարգացնելով ՏՏ համայնքը և համապատասխան ձեռնարկությունները:

Ինկուբացիոն լաբորատորիան 17-35 տարեկան երիտասարդներին առաջարկում է վեց ամիս տևողությամբ անվճար ծրագրավորման դասընթացներ: Դասընթացներին հաջորդում է հնգամսյա պրակտիկա, որից հետո լավագույն թեկնածուներին տրամադրվում է մշտական աշխատանք ԳՏԿ-ում գործող ընկերություններում: 

Ծրագիրը օգնում է ՏՏ ընկերություններին աճել և ստեղծել նոր աշխատատեղեր՝ ակնկալելով աջակցել տեղական ընկերություններում ՏՏ ոլորտի 90 մասնագետների զբաղվածության ապահովմանը: Այս երկամյա ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին, որի բյուջեն կազմում է 750 000 եվրո: ԵՄ-ի ներդրումը կազմում է 510 000 եվրո:

Դասընթացների մասնակիցներից մեկը՝ Սոնա Հարությունյանը, բարձր է գնահատում ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի առաքելությունը. «Համալսարանում մենք ձեռք ենք բերել բազային գիտելիքներ: Այս ծրագիրը հնարավորություն տվեց մեզ խորացնել մեր գիտելիքները՝ ՏՏ մասնագիտության մեջ մտնելու համար: Վեց ամսվա ընթացքում մենք զգալիորեն խորացրինք մեր գիտելիքները, որոնք ստացել էինք համալսարանում: Վեցամսյա դասընթացներից հետո մենք քննություն հանձնեցինք և անցանք պրակտիկայի փուլ: Ես իմ պրակտիկան անցկացնում եմ «Սիներջի» ընկերությունում, այն տևելու է 5 ամիս: Մենք պատրաստելու ենք մի նախագիծ, որը մենք կներկայացնենք: Գյումրիում ՏՏ ոլորտը զարգանում է, և կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր: Դա մեզ հնարավորություն կտա դասընթացներից հետո մնալ Գյումրիում և չգնալ Երևան»:

Դասընթացին մասնակցելուց և պրակտիկան անցնելուց հետո Արմեն Մովսիսյանն այժմ աշխատում է «Չեսիֆայ» ընկերությունում. «Ավարտելուց հետո մենք կարողացանք մեր հմտությունները կիրառել գործնականում: Մենք քննություններ հանձնեցինք և անցկացրինք պրակտիկան ընկերությունում, որը ցանկանում էր մեզ աշխատանքի հնարավորություն տալ: Այժմ ես աշխատում եմ «Չեսիֆայ» ընկերությունում: Վերջին տարիներին, հատկապես երբ ԳՏԿ-ը տեղափոխվեց նոր մասնաշենք, դա մեծ խթան էր Գյումրիի բնակիչների համար իրենց տաղանդը ՏՏ ոլորտում դրսևորելու համար»:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները