Բժիշկ սննդաբան դր. Վարդանուշ Պետրոսյանը միշտ երազել էր ունենալ առողջ սննդի սեփական սրճարանը: Իր սեփական խնայողությունների հաշվին նա բացեց «Ingredient» սրճարանը: Ներկայումս, EU4Business ծրագրի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Գործարար կանայք» ծրագրի աջակցությամբ, Վարդանուշին պատկանող սրճարանը շարունակում է ընդլայնվել:
«Ingredient» սրճարանը յուրահատուկ հավելում է Երևանի սննդի սպասարկման ոլորտում, քանի որ այն կիրառում է միայն առողջ, լիովին բնական և տեղական արտադրության բաղադրիչներ: Բացի այդ, Վարդանուշը բոլոր ավելացվող շաքարները փոխարինում է տեղական հայկական մշակաբույսից ստացվող օշարակով:
Չնայած բիզնեսն արդեն իսկ լավ էր զարգանում՝ Վարդանուշը մեծ ցանկություն ուներ այն ընդլայնելու: Նրան անհրաժեշտ էր ունենալ սեփական կայքը, որտեղ կարող էր ավելի արդյունավետ կերպով գովազդել իր սրճարանը և դրա համեղ կերակրատեսակները: Աջակցություն ստանալու նպատակով նա դիմեց EU4Business ծրագրի և ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրին, որը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում կանանց սեփականությունը հանդիսացող ընկերություններին:
Բիզնեսը ծաղկում է
Շնորհիվ 5 000 եվրո դրամաշնորհի՝ «Ingredient» սրճարանն ունի նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան կայք: Արդյունքում՝ Վարդանուշը ձեռք է բերում նորանոր հաճախորդներ, որոնց 80 %-ը սրճարանի մասին տեղեկանում են կայքի կամ Facebook-ի էջի միջոցով: Նա նույնիսկ կարիք է զգացել ընդունելու 12 նոր աշխատակցի՝ աշխատանքներին օգնելու համար:
Մինչ բիզնեսը շարունակում է աճել, Վարդանուշը ծրագրում է հետագա ֆինանսավորման համար դիմել «Գործարար կանայք» ծրագրին: Ունենալով բժշկի մասնագիտություն՝ նա քիչ փորձառություն ունի շուկայավարման բնագավառում: 10 000 եվրո դրամաշնորհի միջոցով նա ցանկանում է սկսել վերապատրաստման ծրագիր, որի ընթացքում սրճարան կայցելի խորհրդատու և անձնապես կաշխատի իր հետ՝ իր շուկայավարման հմտությունները զարգացնելու նպատակով: