Կոտայքի մարզի Կամարիս համայնքում թռչնաբուծությամբ զբաղվող Արմինե Մարտիրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, մարքեթինգի բնագավառում է աշխատել, նաև թարգմանություններ կատարել։ Ասում է՝ ինչ-որ պահից սկսած նրան գրավեց գյուղատնտեսությունը, որոշեց ուժերը փորձել այդ ոլորտում։ Արդյունքում ստեղծեց «Կամարիս» ընտանեկան ֆերման, որն այսօր դանդաղ քայլերով առաջ է շարժվում շուկայում` կանաչ և օրգանիկ գյուղատնտեսության պիոների դեր ստանձնելով համայնքում։
– Մոտ տասը տարի առաջ իմ ու եղբորս մոտ ագրոբիզնեսը զարգացնելու միտք առաջացավ, և որոշեցինք թռչնաբուծությամբ զբաղվել։ Որոշումը պատահական չէր, քանի որ տատս փոքր քանակությամբ հավ միշտ պահել է, ու քիչ թե շատ ծանոթ էի այդ գործին։ Հողակտոր ձեռք բերեցինք, ու թեև սկզբում շատ դժվար էր, բայց սխալների վրա սովորելով կարողացանք թռչնաֆերման ճիշտ կառավարել ու հիմա արդեն 1500 թև թռչուն ունենք։ Հիշում եմ՝ շատերն ասում էին՝ երիտասարդ աղջիկ ես, ինչո՞ւ ես նման բան անում, մեկ է՝ չես կարողանալու հաջողել և այլն։ Սկզբում, իհարկե, ակնկալիքները շատ էին, նաև պահեր են լինում, որ կոտրվում ես, եթե բիզնեսը կայուն վերելք չի ապրում, բայց ընթացքում կոփվել ու դիմանում ենք, քանի որ մեր գնորդները վստահություն ունեն մեր նկատմամբ։
Արմինեն պատմում է, որ կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվելու գաղափարը շուկայում մրցունակ լինելու անհրաժեշտությունից է առաջացել․
– Ընդհանրապես թռչնամսի և հավկիթի շուկան անկայուն է և ամեն տարի դեմպինգի է ենթարկվում։ Գները սեզոնային շատ փոփոխվում են, ինքնարժեքից ցածր են իջնում։ Նոր արտադրողներ են հայտնվում շուկայում, մեծերը փոքրերին խեղճացնում են։ Ուսումնասիրելով շուկան հասկացա, որ այս ամենը հաղթահարելու միակ լուծումը կանաչ և օրգանական գյուղատնտեսության միջոցով օրգանիկ և մաքուր սնունդ ապահովելն է։ Որոշեցինք օրգանական սերտիֆիկացված գյուղատնտեսության ճանապարհով շարժվել և այդ ուղղությամբ մեր շրջապատում պիոների դերը ստանձնել։
Արմինեի խոսքով՝ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի դրամաշնորհային մրցույթին ներկայացված բիզնես ծրագրով նախատեսել էին հավերի կերի համար օրգանիկ հացահատիկի արտադրությամբ զբաղվել, իսկ հաջորդ փուլով հավերի պահման պայմանների սերտիֆիկացում իրականացնել։ EU-GAIA ծրագրի աջակցության շնորհիվ ստացան արևային վահանակներ, մոտոբլոգ՝ իր կցամասերով։
Ասում է՝ բավականին բարդ ու երկարատև գործընթաց է սպասվում, սկսել են կերերից, առայժմ օրգանիկ սերտիֆիկացված հացահատիկային բույսերի մշակությամբ են զբաղվում՝ մեկ հեկտար հողատարածքում գարի և հաճար են աճեցնում։ Փորձարկումներն արել են, նպատակն է՝ ընդլայնել հողատարածքը և կերի մասով ինքնաբավության հասնել։
– Մենք մինչև հիմա կերը ձեռք էինք բերում տեղական արտադրողներից, որոնք նաև սելիտրա են օգտագործում, ինչը օրգանիկ չի համարվում։ Ոմանք գոմաղբով են պարարտացնում, բայց երբեք չես կարող որակին վստահ լինել։ Հիմա ինքնուրույն ենք աճեցնում, կերն ինքնուրույն ենք աղում, պատրաստում։ Հավերին ածի խթանիչներ չենք տալիս, դեղորայք չենք օգտագործում, հորմոններ չենք տալիս, և այդ առումով մեր արտադրանքն արդեն իսկ օրգանիկ է։ Բայց արտադրանքի պիտակի վրա օրգանիկ մակնշման թույլտվության համար պետք է սերտիֆիկացման ողջ շղթան անցնել, ինչը տարիներ է տևում,– ասում է Արմինեն:
Պատմում է, որ այդ գործընթացում իրենց օգնում է Ավստրիական զարգացման գործակալության EU-GAIA ծրագրին մասնակցությունը։ Ծրագրի շրջանակներում մասնակցել է քառամսյա սոցիալական մեդիամարքեթինգի դասընթացների։ Ծրագիրը նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրենց ապրանքանիշի ռեբրենդինգի հարցում։
Արմինեն նկատում է՝ թեև շուկայում այսօր շատ կան վաճառվող հավկիթներ, որոնք, ասում են՝ օրգանիկ են կամ տնական, բայցեթե ձվի դեղնուցը կարմիր է, կամ հավկիթը՝ ծերտոտ, ապա դա դեռ չի նշանակում, թե այն օրգանիկ է.
– «Կամարիսի» հավկիթների մեկ հատը շուկայում վաճառվում է 250-270 դրամով, որն իրականում ինքնարժեքին շատ մոտ է։ Թվում է, թե բավականին բարձր գին է, բայց օրգանիկ պահված հավի ինքնարժեքը և ձուն իրականում ավելի թանկ են։ Իհարկե մրցակցությունը բավականին խիստ է կոնկրետ հավկիթի շուկայում, բայց փորձում ենք հաղթահարել, ու հաջողվում է։ Առայժմ շուկա ենք հանում միայն հավկիթ, բայց առաջիկայում արդեն պատրաստվում ենք մեղր, միս և կանաչ ու օրգանիկ գյուղատնտեսական այլ մթերքներ արտադրել ու հանել շուկա։