Նախ՝ որակ. ընտանեկան ֆերման ձևափոխվում է ԵՄ-ի աջակցությամբ

Հայաստան
Նախ՝ որակ. ընտանեկան ֆերման ձևափոխվում է ԵՄ-ի աջակցությամբ

Հինգ տարի առաջ ՀՀ Արմավիր քաղաքում Տարոն Երիցյանը սկսել է զբաղվել թռչնաբուծությամբ: Այժմ, շնորհիվ 2017 թվին Եվրամիության տրամադրած աջակցության, նրա փոքրիկ ընտանեկան ֆերման վերածվեց ձվի և ճտի լիովին կազմավորված արտադրության՝ գրանցելով կրկնակի աճ:

Արտադրության ծավալման և աճի ապահովման հարցում մեծ նպաստ է բերել «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը, որը համաֆինանսավորել է Եվրամիությունն իր EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացրել են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) և գործընկեր կազմակերպությունները:

Իր ձեռնարկատիրական կարողությունները զարգացնելու և բիզնեսը խթանելու նպատակով՝ Երիցյանն անցյալ սեպտեմբերին մասնակցեց «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին: Արդյունքում գործարարը զգալիորեն բարելավեց իր ձեռնարկատիրական հմտություններն ու ձեռք բերեց կառավարման, շուկայավարման և արտադրության պլանավորման գիտելիքներ ու հմտություններ, որոնք բոլորն էլ անհրաժեշտ են բիզնեսն արդյունավետորեն վարելու համար:

Ստացած ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Տարոն Երիցյանը կարողացավ վերակառուցել և վերակահավորել իր տարածքները, ձեռք բերել ժամանակակից ինկուբատոր և ապրանքի առաքման ավտոմեքենա: Արդյունքում արտադրությունն ընդլայնվել է, որակը երաշխավորվել է, և ստեղծվել է մեկ նոր կայուն աշխատատեղ:

«Հինգ տարվա փորձս հաստատում է, որ շեշտը պետք է դնել միայն որակյալ արտադրանքի վրա, և մենք ջանք չենք խնայում մեր սպառողների պահանջմունքները առավելագույնս բավարարելու համար»,- ասում է Երիցյանը:

Գործարարի շուկայավարման կարողությունների զարգացման և շուկայում արտադրանքի պատշաճ ներկայացման նպատակով՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մասնագիտացված խորհրդատվություն տրամադրեց շուկայում արտադրանքի ճանաչվածության բարձրացման, փաթեթավորման բարելավումների, վաճառքի կազմակերպման և այլ ուղղություններով:

Երիցյանի ընկերությունն այժմ գործում է շուկայում և ներկայանում է ծրագրի շրջանակներում մշակված նոր «Կարմիր կատար» ապրանքանիշի ներքո:

Խորհրդատվության արդյունքում Տարոն Երիցյանը կարողացավ ընդլայնել իր տեսականին և սկսեց տնական հավկիթ արտադրել շուկայի համար: Ֆերմայում արտադրվող հավկիթներն առանձնանում են իրենց կճեպով, դեղնուցի մուգ գույնով ու գերազանց համով, և այդ ամենը արտադրանքն ավելի մրցունակ է դարձնում շուկայում:

“Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» Եվրամիության ֆինանսավորմամբ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագիր է: Ծրագիրն ուղղված է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության աճին և զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում՝ կենտրոնանալով սննդի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն խթանում է ձեռներեցության զարգացումը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ստարտափների համար և ուժեղացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, միաժամանակ նաև համապատասխան հմտություններ տալով աշխատանք փնտրողներին և զարգացնելով տեղական կարողությունները՝ ի նպաստ տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հետագա խթանման:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները