Յանա եւ Արև. Երիտասարդ մասնագետներ, ովքեր զարգացնում են նորարարությունը

Հայաստան
Յանա եւ Արև. Երիտասարդ մասնագետներ, ովքեր զարգացնում են նորարարությունը

Յանա Պողոսյանը գրաֆիկական պատկերագրանցման միջոցով նկարում է այն, ինչ մարդիկ տարբեր դասընթացների ու ժողովների ժամանակ քննարկում են: Յանան մարդկանց խոսքերն ու մտքերը վերածում է պատկերների, քննարկմանը զուգահեռ այդ պատկերների ցուցադրություն կազմակեպում, ինչը հնարավորություն է տալիս տեղեկատվությունն ավելի հեշտ ընկալել: Այս մեթոդը Հայաստանում դեռ լայն տարածում չունի, բայց, ինչպես Յանան է ասում, հեռանկարային է և աշխարհի շատ երկրներում է տարածված:

Գրաֆիկական դիզայնի մասնագետ Յանա Պողոսյանը արդեն երկու տարի է՝ նաև գրաֆիկական պակերագրանցման (gaphicrecording) աշխատանքով է զբաղվում: Նա այս հմտությունը ձեռք է բերել Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում (EU SMEDA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: 2017 թվականին մասնակցելով այս դասընթացին, ինչպես ինքն է ասում, մեկ շաբաթում յուրացրել է այդ հետաքրքիր մասնագիտությունը:

Այսօր արդեն նա մտադիր է սեփական դասընթացներն անցկացնել արտերկրում:

«Քանի որ այն շատ տարածված չէ Ռուսաստանում ու Վրաստանում, ես պլանավորում եմ այնտեղ թրեյնինգներ անցկացնել առաջիկայում»,- մեզ հետ զրույցում ասում է Յանա Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս մասնագիտությունն իրեն մեծ հնարավորություններ է տալիս արտերկրում աշխատելու համար, կարող է արտերկրից պատվերներ ընդունել ու իրականացնել: Նա գրաֆիկական պատկերագրանցումն իրականացնում է եռալեզու՝ ռուսերեն, հայերեն և անգլերեն:

«Դասընթացի շրջանակներում մեկ շաբաթվա ընթացքում մեզ սովորեցրին, թե ինչ է  գրաֆիկական պատկերագրանցումը: Ճիշտն ասած, այնքան սիրեցի այդ մասնագիտությունը, որ հիմա շատ մեծ սիրով զբաղվում եմ այս գործով: Իհարկե, հիմա Հայաստանում այդքան մեծ պահանջարկ չունի այս մասնագիտությունը, սակայն գնալով տարածում է գտնում»,- ասաց նա:

Յանան չի բացառում, որ աշխատանքի բարելավման արդյունքում ոլորտի ստարտափ կհիմնի, այժմ ուսումնասիրում է շուկան:

Պետք է անընդհատ ինքնակրթվել, նոր գիտելիքներ ունենալ, ասում է Յանա Պողոսյանը: Հայաստանի աշխատանքային շուկան, ըստ նրա, այնպիսին է, որ յուրաքանչյուր լավ մասնագետ կարող է իր տեղը գտնել:

«Չպետք է վախենալ նոր բան սովորելուց: Եվ ես այսօր կարող եմ ասել, որ այսօրինակ ծրագրերը մասնագետներին հնարավորություն են տալիս ավելի կայանալ: Երբ մարդիկ տեսնում են իմ աշխատանքը, շատ են հավանում, բայց ես զգում եմ, որ իրենք համարձակություն չունեն նույնը կրկնելու»,- հավելում է նա: Յանան երիտասարդներին կոչ է անում համարձակ կյանքի կոչել իրենց գաղափարները:

EU SMEDA ծրագրի շնորհիվ իր հմտություններն է բարելավել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Արև Համբարձումյանը: Նա այն երիտասարդ մասնագետներից է, ով կարծում է, որ Հայաստանի աշխատաշուկայում լավ հնարավորություններ կան երիտասարդների համար: Նա ոլորտում գործող երկու ընկերությունների տեխնիկական տնօրենն է: Ասում է, որ ոլորտում որակյալ կադրերի պակաս կա:

Արև Համբարձումյանը EU-Smeda-ի շրջանակներում, որպես ընկերություններից մեկի ներկայացուցիչ, մասնակցել է Hannover Messe 2018 ցուցահանդեսին:

«Մեր ընկերությունը երկու ուղղությամբ է աշխատում, մեկը նյութերի թեստավորման սարքերի ավտոմատացումն է, իսկ մյուսը՝ կրթական ոլորտում ծրագրեր ենք ստեղծում: Hannover Messe 2018 ցուցահանդեսը մոտ մեկ շաբաթ տևեց, դրանից զատ մեկ շաբաթ մենք Գերմանիայի տարբեր քաղաքներով ճանփորդում էինք և հանդիպում տաբեր կազմակերպությունների հետ՝ կապեր հաստատելու համար: Դա փորձի փոխանակման մեծ հնարավորություն էր ինձ համար»,- ասում է նա:

Hannover Messe ցուցահանդեսը տարբեր երկրների մասնագետներին հնարավորություն է տալիս հավաքվել մեկ վայրում և գործընկերային կապեր հաստատել: Այն Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ցուցահանդեսներից է, որն անցկացվում է ամեն տարի:

«Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ, թե աշխարհում տեխնոլոգիական զարգացումն ինչ մակարդակի է, մեր մրցակիցներն ինչ պրոդուկտներ ունեն: Բացի դրանից, նաև հնարավորություն ունեցանք ցուցահանդեսում ներկայացնել մեր պրոդուկտները»,- ասաց նա:

«EU4Business» ծրագրի շրջանակներում նաև դրամաշնորհ է հատկացվել նորաստեղծ կազմակերպությանը՝ որպես ստարտափ, որտեղ աշխատում է Արեւը: Ստացված ֆինանսական աջակցությունը, նրա խոսքով, էապես նպաստեց նորաստեղծ ընկերության զարգացմանը:

«Մենք սկզբնական փուլում էինք, բայց կարողացանք նոր մոդելներ ստեղծել, պրոդուկտն արդեն շուկա հանելու աշխատանքներ իրականացնել: Մենք տվյալների հավաքագրման սարք ենք նախագծել, ծրագրով դրա վրա ենք աշխատել: Այն բազմաֆունկցիոնալ սարքավորում է, որը հնարավոր է օգտագործել եղանակի տեսության կայաններում, ջերմաստիճանի, խոնավության տվյալներ գրանցելու համար՝ ավտոմատացման, մեքենաշինության և այլ ոլորտներում: Այժմ շուկան ենք ուսումնասիրում»,- ասաց Արև Համբարձումյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաները վերջին տարիներին Հայաստանում  զարգանում են արագ տեմպերով: Հայաստանի կառավարությունը այս ոլորտը գերակա է հռչակել: Ոլորտի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կադրերի պակասը, ինչի ուղղությամբ պետական մակարդակով ծրագրեր են իրականացվում: Յանան ու Արևը այն երիտասարդ մասնագետներից են, ովքեր ոչ միայն նորարար գաղափարներ են ստեղծում, այլ նաև դրանք վերածում են բիզնես նախագծերի՝ ներգրավելով ֆինանսավորման աղբյուրներ:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը (EU SMEDA) Արևելյան գործընկերության երկրներում «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) և «ԵՄ-ն նորարարության համար» (EU4Inovation) նախաձեռնությունների մաս է: Եվրամիությունը համաֆինանսավորում է ծրագրի գրեթե 90 տոկոսը: Այն նախատեսում է հայկական փոքր ու միջին ընկերությունների, նորարար ստարտափերի, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների զարգացում: EU SMEDA-ն հատուկ ուշադրություն է դարձնում մասնավորապես ճշգրիտ ճարտարապետության և ստեղծարար ճյուղերին:

Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներումՀոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները