Այս տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը, որը հաստատվել է 2017թ. հունիսի 21-ին Կիևում կայացած «East Invest 2» ծրագրի եզրափակիչ համաժողովում, մշակվել է ԱլԳ վեց երկրների շուրջ 200 բիզնես ասոցիացիաների մասնակցությամբ։ Ուղղված լինելով վեց Արևելյան գործընկեր երկրների, ԵՄ-ի և դոնոր համայնքի կառավարություններին՝ դիրքորոշման փաստաթուղթը ներառում է քաղաքականության առաջարկությունների փաթեթ՝ «աճի պայմանների բարելավման և հնարավոր լավագույն գործարար միջավայրի ստեղծման համար»: Այն կհանդիսանա ներդրում 2017թ. հոկտեմբերին Տալլինում կայանալիք ԱլԳ-ի 4-րդ բիզնես ֆորումին:
Կոչ անելով քաղաքական ղեկավարությանը իրականացնել պետական-մասնավոր համակարգային երկխոսություն՝ ներառելով ՓՄՁ-ներին՝ որպես բարեփոխումների մշակման ու իրականացման կարևորագույն տարրեր՝ դիրքորոշման փաստաթուղթը ներկայացնում է տարածաշրջանի կոնկրետ մարտահրավերները լուծելուն ուղղված մի շարք կարևոր առաջարկներ, այդ թվում`
- ՓՄՁ-ների համար վարչական ընթացակարգերի դյուրացում և խաղի հավասար պայմանների ստեղծում արդար մրցակցության օրենքների միջոցով
- ՓՄՁ-ների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել վարկերի և ֆինանսավորման համար դիմելու բարդ ընթացակարգեր
- ԱլԳ երկրներում առցանց հարթակի ներդրում՝ ՓՄՁ-ներին հնարավորություն տալով կապ հաստատել միմյանց հետ և հեշտությամբ տեղեկատվություն ստանալ
- Յուրաքանչյուր երկրում նորարարական մարմինների հիմնում
- Երկրներում հմտությունների բացի վերացում կրթական բարեփոխումների միջոցով և բիզնես համայնքների ներգրավում ուսումնական ծրագրերի մշակմանը
- ՓՄՁ-ների համար հարկային և մաքսային համակարգերի պարզեցում ու կայունացում և նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի դրսևորում, ինչպես պետական և ավելի մեծ ձեռնարկությունների դեպքում
- Օժանդակություն ՓՄՁ-ներին առևտրով զբաղվելու տեխնիկական արգելքների հաղթահարման հարցում՝ նրանց համար առավել հասանելի դարձնելով ստանդարտացման և վկայագրման ծառայությունները: